Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկություն ունեի ընթերցողի հետ խոսել մտերմիկ, ինչպես մի բաժակ սուրճի շուրջ»

Հուլիս 27,2023 13:00

Հարցազրույց «Հայելու մեջ» վերնագրով ժողովածուի հեղինակ Արամ Գեւորգյանի հետ:

Արամ Գեւորգյանի «Հայելու մեջ» վերնագրով ժողովածուն արդեն հասու է ընթերցողին: Սա նրա առաջին փորձն է գրականության մեջ, Արամը մարկեթոլոգ է: Հեղինակը գրքում ամփոփված գործերը որակել է` ոչ ստանդարտ պատմվածքներ ստանդարտ մարդուց: Նրա հետ զրուցել ենք գրքի եւ առհասարակ գրականության մասին:

– Որն է ձեր գրքի հիմնական ուղերձը, ինչով է այն յուրահատուկ:

– Գիրքը կազմված է թեմաներով իրարից տարբերվող 4 պատմվածքներից եւ մանրապատումներից։ Յուրաքանչյուրն ունի իր ուղերձը։ Այսպես՝ «Հայելու մեջ» պատմվածքում խոսքը գնում է ժամանակակից հարաբերությունների, ինքնատիպ լինել չվախենալու, սեփական ես-ը չկորցնելու, թրենդների հետեւից չընկնելու մասին։ Թեման ակտուալ է նրանով, որ խոսվում է ոչ թե փակ, տրադիցիոն հարաբերությունների, այլ բաց, պոլիգամիկ, ու ոչ ստանդարտ հարաբերությունների մասին, որ տարածված են մեր օրերում։

«Թալեբի օրը» պատմվածքի ուղերձն այն է, որ կրոնը մարդկանց միջեւ ատելություն չի սերմանում, ոչ էլ պատերազմներ է հրահրում։ Կրոնն իր գաղափարախոսությամբ վնասակար չի, այն վնասակար են դարձնում մարդիկ։

«Իտալական ֆուտբոլը» սպորտի ու արվեստի միաձուլման մասին է, սպորտը որպես մշակույթ տեսնելու մասին։

«Գաղտնի հանդիպում» պատմվածքը գրված է դավադրության տեսության ոճով։ Այն կարելի է ընկալել որպես ֆիքշըն կամ ռեալիզմ, կախված նրանից՝ ինչպե՞ս է ընթերցողը գնահատում աշխարհում տեղի ունեցող միատիպ զարգացումները. որպես միմյանցից անկախ, պատահական իրադարձություններ, թե աշխարհը կառավարող անհատների կողմից նախապես պլանավորված գործողություններ։

«Մանրապատումները» աբսուրդի ժանրից են, այնուամենայնիվ, հիմնված են իրական դեպքերի վրա։ Մեր կյանքը հարուստ է աբսուրդ ու անտրամաբանական իրավիճակներով։ Նման իրավիճակները փորձել եմ հումորով ներկայացնել, որոշ դեպքերում էլ ուռճացնել, բայց ոգեշնչման աղբյուրը մեր իրականությունն է։

– Դուք ընտրել եք պատմություն պատմելու թարմ, անմիջական ոճը: Դա բխում է ասելիքի՞ց, թե՞ ձեր տպավորությամբ այլեւս մոդայիկ չէ խիստ գրական հայերենով գրելը:

– Սա իմ առաջին գրական փորձն է, այդ պատճառով որոշեցի պահել անմիջական ոճը։ Նախ խոսակցական ոճը ինձ ավելի հոգեհարազատ էր եւ ես ավելի վստահ էի զգում, երկրորդ` ցանկություն կար ընթերցողի հետ խոսել մտերմիկ, ինչպես մի բաժակ սուրճի շուրջ։ Ինչ վերաբերում է գրական հայերենին, կարծում եմ՝ այն միշտ էլ ակտուալ կլինի։

– Ինչպե՞ս եք վերաբերվում հայհոյախոսությանը գրական տեքստերում, եթե իհարկե՝ դա բխում է կոնտեքստից:

– Գրականությունն ունի իր չափանիշները, իսկ հայհոյախոսությունը, նույնիսկ կոնտեքստից բխող, երբեք չեմ դիտարկել որպես մշակույթի մաս, թեկուզ մաս-մշակույթ։ Չնայած՝ սկսնակ գրողների, նույնիսկ ընթերցողների կարծիքներն եմ լսել, թե ստանդարտ գրականության «կանոնադրությունից» պետք է շեղվել, կոտրել ստերեոտիպները։ Այդ ասելով նկատի ունեին գռեհիկ բառամթերքը, հայհոյախոսությունը։ Գրականության մեջ, կարծում եմ, ցանկալի է էսթետիկան պահել, նույնիսկ եթե կոնտեքստը հայհոխասություն է պահանջում, գռեհիկ բառերը կարելի է փոխարինել պակաս տհաճ հնչող հոմանիշներով։

– Ինչ արձագանքներ եք ստացել գրքի վերաբերյալ:

– Տարբեր։ Տեխնիկական առումով դիտողություններ են եղել, որ հանդիպում են քերականական սխալներ, բայց սյուժեի վերաբերյալ կարծիքները դրական են։ Բացի այդ, առաջարկ ստացա «Հայելու մեջ» պատմվածքը թատերական պիեսի վերածելու, բայց իրագործման վերջնական փուլին դեռ չենք հասել։ Փոխարենը, գիրքը աուդիոգրքի է վերածվելու grqaser.org-ի հետ համագործակցության արդյունքում, այն պատրաստ կլինի սեպտեմբերի կեսերին։ Որոշ կայքերում տեղադրվել է էլեկտրոնային գիրքն ամբողջությամբ, որոշներում՝ գրքից հատվածներ։ Դրական կարծիքներ եմ ստացել նաեւ այլ սկսնակ գրողներից, ինչի համար շնորհակալ եմ։

– Այսօր ինչի կարիք ունեն երիտասարդ գրողները:

– Կարծում եմ, նոր թեմաների։ Եթե խոսենք ժամանակակից հայ գրողների մասին, ապա հիմնականում գրում են կամ սիրո, մասնավորապես չկայացած, ծայրահեղ իռացիոնալ ռոմանտիկայի կամ երջանիկ ավարտ ունեցող, կամ էլ Արցախյան պատերազմի թեմայով։ Ես հասկանում եմ, որ մարքեթինգի տեսանկյունից դրանք ավելի եկամտաբեր թեմաներ են։ Սիրո մեջ փորձ չունեցող երիտասարդությունն ավելի հակված է սիրո մասին պատկերացումներ ստանալ գրականության միջոցով, կամ պատերազմական դրության մեջ գտնվող երկրում սիրում ենք տխուր թեմաներից խոսել։ Ես չեմ ասում, որ այդ թեմաներով պետք չի այլեւս գրել, բայց ցանկալի է նաեւ այլ թեմաներից էլ խոսել։ Այսօրվա երիտասարդ գրողները ինֆորմացիայի կարիք ունեն, վերջապես կյանքը սիրով կամ պատերազմով չի սկսվում, ոչ էլ ավարտվում։

– Ինչն է ձեզ նյարդայնացնում եւ ինչը՝ ոգեւորում:

– Նյարդայնացնում է, երբ քանակը գերադասում են որակից։

Ոգեշնչում է կրթվելը, ինֆորմացիայով կիսվելը։ Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, ապա այն թերապիա է ինձ համար։ Կարճ պատմվածքները գրելիս ոգեշնչվել եմ մարդկային հարաբերություններով:

– Ով է գրականության մեջ ձեզ համար էտալոն (հայ եւ համաշխարհային):

– Շատ անուններ կարող եմ նշել։ Հայ գրողներից՝ Հովհաննես Թումանյանն ու Վիլյամ Սարոյանը միշտ էտալոն կմնան ինձ համար։ Համաշխարհային գրականության մեջ իրենց դիրքերը երբեք չեն զիջի Դանթե Ալիգիերին, Նիկոլո Մաքիավելին, Շեքսպիրը, Ֆյոդոր Դոստոեւսկին, Օսկար Ուայլդը, Ագաթա Քրիստին։

– Ըստ ձեզ ինչ ասել է բարձրաճաշակ, որակյալ գրականություն:

– Բարձրաճաշակ համարում եմ այն գրականությունը, որը արտացոլում է իրականությունը, վերաբերում է արդիական թեմաներին եւ մատուցվում առանց ավելորդ պաթոսի։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Արամ Գեւորգյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքի էջից:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31