Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում բացօթյա համերգներին՝ sold out

Հուլիս 27,2023 12:30

Երեւանյան կլիման, միանշանակ, նպաստավոր է բացօթյա համերգների համար եւ այդ ձեւաչափը կարելի է իրականացնել գրեթե կես տարի։

Հետեւելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ընթացիկ համերգաշրջանի վերջին երեք երեկոներին, որոնք կայացան «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում, կարող ենք փաստել, որ ի տարբերություն համերգասրահում անցկացվող համերգների, հանդիսատեսը տանիքում ավելի անկաշկանդ է՝ կարող է  քայլել, շփվել մյուսների հետ… Կայացած համերգներին հանդիսատեսի թվում հանդիպեցինք բազմաթիվ զբոսաշրջիկների։

Հանդիսատեսը բավականին մոտ է նստում երաժիշտներին։ Տեղերն, իհարկե, խիստ սահմանափակ են, տոմսերն էլ շատ արագ են սպառվում. համերգի գովազդից մի քանի օր հետո, առանց չափազանցության, արդեն sold out է։


Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում համերգները մեկնարկեցին Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված KHACHATURIAN & JAZZ CONNECTION ծրագրով՝ Վահագն Հայրապետյան & Armenian Colors Quartet-ի ելույթով։

Մեր զրուցակցի՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի գլխավոր մասնագետ Աստղիկ Դալլաքյանի հավաստմամբ՝ այդ ձեւաչափը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից եւ ֆիլհարմոնիկի տնօրինությունը որոշեց ամռան ամիսներին շարունակել բացօթյա համերգների շարքը։ «Հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքներին ընդառաջ հուլիսի 19-ին կրկնեցինք ծրագիրը, իսկ հաջորդ օրը մեր նվագախմբի երաժիշտները ներկայացրին «Վիվալդին՝ տանիքում» ծրագիրը՝ մասնակցությամբ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանի (հոբոյ), Շմավոն Գրիգորյանի (ֆագոտ), Արամ Ասատրյանի (ջութակ), Արտաշես Մելիքյանի (ջութակ), Յանա Դարյանի (ալտ), Սամսոն Թաթոսյանի (թավջութակ), Կարեն Խաչատրյանի (կոնտրաբաս) եւ Վարդուհի Մինասյանի (չեմբալո)»,- հայտնեց նա։

Հուլիսի 24-ին կայացավ «ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ» երեկոն, որի ընթացքում կոմպոզիտորի երգերով հանդես եկան սիրված ու սպասված երգիչներ Սոնա Ռուբինյանը, Սյուզան Մելքոնյանը, Տիգրան Մելքոնյանն ու Արթուր Աղաջանովը՝ Կարեն Անանյան բենդի ընկերակցությամբ։

Կուզեինք նշել մի ոչ պակաս կարեւոր հանգամանքի մասին. համերգասրահի տանիքում տեղի ունեցած բոլոր համերգներին նախատեսված էր նաեւ հայկական բարձրակարգ գինու հյուրասիրություն` NOA WINES պրեմիում դասի գինու բրենդի կողմից։ Կրկնվենք՝ երեկոներն անցան չափազանց ջերմ ու մտերմիկ միջավայրում։ Իսկապես, առանձնահատուկ վայելք էր ունկնդրել բարձրարվեստ երաժշտություն բաց երկնքի տակ, այն էլ Երեւանի կենտրոնում գտնվող թամանյանական ճարտարապետական անկրկնելի կառույցներից մեկի տանիքին՝ մեկ գավաթ անուշաբույր հայկական գինով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31