Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը որեւէ խոչընդոտ չի տեսնում հայ-իրանական հարաբերությունների բարելավման հարցում

Հուլիս 27,2023 12:00

Իրանական կողմը կրկին հիշեցրեց «3+3» ձեւաչափի գործարկման մասին

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Թեհրանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով ներկայացրեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մի շարք հարցերում: Միրզոյանի թեհրանյան բանակցությունների մեկնարկին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հայտնելով Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը, նշել էր, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների նոր փուլին եւ հարեւանների միջեւ տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։

«Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, եւ այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարեւորությունը: Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաեւ Հայաստանի եւ Իրանի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երեւանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձեւաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարեւորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը եւ վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ»,- Թեհրանում նշել է Միրզոյանը։ Նա երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից մատնանշեց նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունը նշեց Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Գալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին, ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը. «Ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսեւորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի եւ դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։ Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձեւերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին»։ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված եւ պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջեւ նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։ Այնուհետեւ նա հավելեց. «ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության եւ ազգային իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական եւ իրանական կողմի հստակ եւ բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարեւան եւ բարեկամ Իրանի սկզբունքային եւ հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ»:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերթական առիթը բաց չթողնելով` ներկայացրեց Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձեւաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ, ընդգծելով, որ Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա եւ որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար:

Ըստ «Արմենպրես»-ի` Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների միջեւ մերձեցումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններում առաջընթացը, ապա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ իր վերջին հանդիպումը, վերջին ամիսներին Հայաստանի վարչապետի հետ նրա հանդիպումը եւ այսօր Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը կարող են դիտարկվել որպես տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության ստեղծման Իրանի միջոցներ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ հարեւանների շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին: «Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի իշխանության համար կռիվների եւ մրցակցության թատերաբեմի, քանի որ դա ձգձգում է խաղաղությունը տարածաշրջանում», – նկատել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կայուն խաղաղությունը կառավարությունների եւ ազգերի միջեւ բարեկամական եւ սահուն լեզու է պահանջում:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Թեհրանում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, որը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը: Միրզոյանի եւ Ռայիսիի ուշադրության կենտրոնում եւս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաեւ վերահաստատել Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: «Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական եւ թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման եւ Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները կխթանեն տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Ռայիսին շեշտել է՝ Թեհրանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում աշխարհաքաղաքական որեւէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն եւ աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Ռայիսին հավելել է, որ արտաքին միջամտությունը միայն բարդացնում է տարածաշրջանային խնդիրների լուծումը, այդ պատճառով խնդիրները հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն։ «Աջակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները հնարավորինս կստեղծեն եւ կամրապնդեն խաղաղություն, անվտանգություն եւ հանգստություն տարածաշրջանում»,- հավելել է նա։ Ռայիսին ընդգծել է նաեւ հայ-իրանական հարաբերությունների բարելավման կարեւորությունը եւ հավելել, որ այդ հարցում Թեհրանը որեւէ խոչընդոտ չի տեսնում։

Այսպես, Թեհրանը կրկին իր աջակցությունն է հայտնում` «3+3» ձեւաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ` ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման նշանակությունը:

Իր հերթին պաշտոնական Երեւանը վստահեցրեց, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ եւ որ կարեւորում է Թեհրանի հետ հարաբերությունները, Միրզոյանի այս արձանագրումն են մեջբերել իրանական լրատվականները։

Դե իսկ Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է` տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն ինքնուրույն, քանի որ, ըստ իրանական կողմի` արտաքին միջամտությունը միայն բարդացնում է գործընթացը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31