Թե ինչ ճանապարհ են անցել Արցախն ու Հայաստանը 1988-2020թթ. մինչեւ սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի սկիզբը, որոշակիորեն հայտնի է, եւ զուտ ժամանակի ու ծավալի իմաստով դրանց չենք անդրադառնա, չնայած դա անհրաժեշտ ու շատ մեծ վերլուծության նյութ է եւ այն, ինչ ասվելու է, ուղղակիորեն հենված է հենց այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վրա: Այլ խոսքով, դա հենց այն բազիսն է, որի վրա կառուցվեց 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այսօր տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները, որը հայոց երկարատեւ պատմության յուրահատուկ, բացառիկ եւ խոցելի հատվածներից մեկն է: Կփորձենք շատ պարզ ներկայացնել այդ իրադարձությունների իրական ընթացքը եւ դրանց թողած հետեւանքները …
2020թ. սեպտեմբերի 27-ին մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտանք բացարձակ անպատրաստ, իսկ Ադրբեջանը՝ բացարձակ պատրաստ վիճակում: Ավելին, հրաշալի սերտած լինելով Արցախյան առաջին պատերազմի դասերը, Ադրբեջանը հասկացել էր, որ թեկուզ՝ համեմատաբար ավելի փոքր ուժերով, նույնիսկ նման անպատրաստ վիճակում կա՝ թեկուզ փոքրիկ հավանականություն, որ մեր բանակի եւ ժողովրդի անձնուրացության շնորհիվ, այս անգամ եւս կարող էինք դարձյալ հաղթանակ տանել իրենց նկատմամբ, ուստի իրենց հաղթանակի համար չափազանց բարձր հավանականություն ապահովելու համար, Ադրբեջանը որդեգրել էր նոր մարտավարություն ու ռազմավարություն, այն է՝ արտաքուստ ցույց տալ, իբր պատերազմը վարում է միայնակ եւ ինքնուրույն, սակայն իրականում՝ սկսեր գործարկել այն մեխանիզմը, որը տարիներ շարունակ մշակել էր մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ: Թուրք-ադրբեջանական տանդեմը ուշադիր հետեւելով եւ լավագույնս տեղյակ լինելով, որ Հայաստանն ու Արցախը բացարձակապես չեն զբաղվում իրենց երկրների անվտանգության համակարգերի թարմացմամբ, արդիականացմամբ ու ամրացմամբ, զինված ուժերի կատարելագործմամբ, նոր զինտեխնիկայի ձեռք բերմամբ ու դրանց ներդրմամբ, ամեն վայրկյան փորձում էր ընտրել հարմար պահ եւ հանկարծակի հարձակվել Արցախի վրա: Նշենք, որ թշնամական տանդեմը, տասնյակ տարիներ շարունակ ներդնելով չափազանց մեծ գումարներ՝ նոր տեսակի զենքերի ու զինտեխնիկայի ձեռք բերման, անվտանգային ժամանակակից ու նոր համակարգերի ներդրմամբ՝ ավելի ու ավելի ամրացնելով իրենց դիրքերը, բառիս բուն իմաստով՝ օր օրի, էլ ավելի ուժեղացնելով իրենց դիրքերը, ավելի ճկուն դարձնելով իրենց հարձակողական դիրքերը, աստիճանաբար՝ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը հասունացրին պատերազմը սկսելու իրական պահն ու սարսափելի մեծ ուժերով եւ պատրաստվածությամբ սկսեցին իրենց լայնածավալ հարձակումը, որի արդյունքում՝ 44 օր տեւած անհավասար պատերազմում ունեցանք այն, ինչ ունեցանք. Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի կորուստ, 5 000-ի զոհեր, 10 000-ից ավելի վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ: Նոյեմբերի 9-ին Հայաստանի իշխանությունը կնքեց ամոթալի եռակողմ կապիտուլյացիոն պայմանագիր եւ լոկ հետագայում էր պարզվելու, որ այն համեմատած Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հետագա գործողությունների հետեւանքների հետ, դեռ այնքան տարաբնույթ զիջումներ ու պարտություններ պետք է կրեինք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրի կետերի պահպանումն ու դրանց կյանքի կոչելը մեզ համար պետք է դառնար մեծ երանություն, քանզի պատերազմից հետո մեր բազմաթիվ եւ բազմապիսի սխալներից ու զիջումներից հետո, պետք է պարտադրված հղում անեինք հենց այդ պայմանագրի կետերի վրա ու աղերսելով նշեինք, որ պարտադիր է պահպանել այդ պայմանագրում նշված կետերը, քանզի հետագայում նրանց պարտադրանքի արդյունքները, որոնց հետ ստիպված համաձայնվում էինք, շատ ավելի վատն էին, քան այդ պայմանագրում նշված կետերի բովանդակությունը…
Անկեղծ ասած, այս ամենը եւ այստեղ հերթական անգամ չասվածը, որը շատ ավելի ծավալուն նյութ է, հերթական անգամ հուշում են, թե պատերազմից հետո՝ մինչեւ այսօր, որքան սխալներ է թույլ տրվել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների (իշխանություն ասելով՝ ուղղակիորեն պետք է հասկանալ նաեւ ժողովուրդ) կողմից, որոնց հետեւանքով է, որ Արցախը հայտնվել է նման ողբերգական վիճակում, որից առ այսօր դուրս գալու ռեալ քայլեր չեն ձեռնարկվում եւ այս պահի դրությամբ արդյունքները զուտ զրոյական են …Այս մասին եւս մեկ անգամ բարձրաձայնում եմ զուտ այն պատճառով, որ այս վիճակը հիմնականում ստեղծել են իշխանությունները, սակայն Արցախի այս իրավիճակում նրանք փաստացի որեւէ փրկության քայլի չեն դիմում: Լաչինի միջանցքի փակումից անցել է մոտ 7,5 ամիս, աշխարհը՝ այդ թվում նաեւ Հայաստանը, դիմել է տարբեր ցուցադրությունների, սակայն գործնական ոչ մի քայլ չի արել ու անում, եւ հայ ժողովուրդը եւս հանգիստ սպասում է, թե երբ է մահանալու Արցախի 120 հազար բնակչությունը, կամ երբ են նրանց մղելու դատարկել Արցախը, որպեսզի Ադրբեջանի երազանքը՝ Արցախի էթնիկ զտումը դառնա իրականություն եւ այդ կնճռոտ հարցը վերջապես «լուծվի» …
Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունն այսօր էլ ցուցադրում է, թե իրենք ուզում են, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը (ահավասիկ՝ Հաագայի միջազգային դատարանի երկու որոշումները), սակայն ինչ է նշանակում, որ մի մատնաչափ Ադրբեջան դեմ է գնում ողջ աշխարհին, չի բացում միջանցքը եւ ավելին, փաստացի՝ աշխարհին ցույց է տալիս, որ ինչ ուզի, այն էլ կանի ու իրականում այդպես էլ անում է: Որքան էլ այս ամենին նայենք նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության լույսի ներքո, միեւնույն է՝ ստեղծված իրավիճակի՝ Արցախի 210 օրից ավելի լիարժեք պաշարման փաստը, ոչ միայն չի կարելի հանդուրժել, այլեւ հաշվի առնելով 120 000 խաղաղ բնակչության աղետալի վիճակը եւ իրենց տված խոստումները, պետք է պատժամիջոցների համապատասխան գործիքների կիրառմամբ վաղուց արդեն բացած լինեին այդ միջանցքը, միաժամանակ նաեւ աշխարհին պարզորոշ ցույց տալով, որ ցանկացած երկիր, ով կփորձի գնալ նման անմարդկային քայլերի՝ վտանգելով այլոց տարրական իրավունքները, կարժանանա սրան: Այնինչ, միջանցքն առ այսօր փակ է, ավելին՝ նրանք բառացիորեն պաշարել են Արցախը: Սակայն նրանց թատերական կեցվածքն աշխարհին ճիշտ հակառակն է հուշում. անկախ նրանից, թե աշխարհն ինչ է ուզում, ցանկացած երկիր կարող է անել այն, ինչ ինքն է ուզում: Այլ խոսքով, նրանց «դեմոկրատիա խաղալու» իրողությունը ոչ թե կոչված է մարդու իրավունքների պաշտպանությանը, այլեւ այն ուղղակիորեն կոչված է մարդու իրավունքների խաթարմանը …
Կարդացեք նաև
Այս ամենը պարզորոշ խոսում է մի բանի մասին միայն. հայ ժողովուրդ, դու թույլ ես ու միայնակ եւ եթե ուզում ես փրկել Արցախը, ապա մի ճանապարհ ունես. պատը գլխովդ տուր, գլուխդ՝ պատովը ու փորձիր քո հարցը լուծել …
Իսկ լուծումը միակն է. Հայաստանի ժողովրդի այն հատվածը, ով հայրենասեր է եւ մտահոգ է Արցախի ճակատագրով, պետք է մեկ մարդու նման՝ մեկ րոպե շուտ հասնի Լաչինի միջանցք, իր միջից ընտրի բանակցելու ունակ մի խումբ, որը հանդիպի ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության հետ, խոսի հավաքված մարդկանց ու Արցախի ժողովրդի անունից, հավաստիացնի, որ այս ժողովուրդը եւ նախկինում, եւ այժմ էլ լոկ Ռուսաստանի Դաշնության կողքին է, եւ միշտ այդպիսին էլ մնալու է եւ հորդորում է, որպեսզի հրամանատարությունն այս ամենը՝ ի հնարավորին արագ ներկայացնի ՌԴ համապատասխան ղեկավարությանը, որից հետո փորձի բացել միջանցքը, քանզի իրենց միակ հույսը Ռուսաստանն է:
Կարծում եմ, եթե այս պահին կա լուծում, ապա սա միակն է:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2023