Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակով Ֆինանսների նախարարությանը կհատկացվի շուրջ 335 մլրդ դրամ, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 144 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 26,2023 23:25

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է շուրջ 335 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 26-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Ըստ նախարարի՝ իր գլխավորած կառույցը մեծությամբ չորրորդ բյուջետային գլխավոր կարգադրիչն է եւ նախարարության բյուջեում են նախատեսված պետական պարտքի սպասարկման գումարները:  Կիրականացվեն չորս՝ «Պետական պարտքի կառավարում», «Հանրային հատվածի ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստում», «Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ» եւ «Գնումների գործընթացի կազմում եւ համակարգում» ծրագրերը:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի 302 մլրդ դրամ, ներքին աղբյուրների հաշվին այն ֆինանսավորվելու է 347.5 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների հաշվին՝ մինուս 45 մլրդ դրամի չափով, գանձապետական պարտատոմսերից ֆինանսավորումը կկազմի 300 մլրդ դրամ, վարկերի փոխատվությունների տրամադրումը կլինի 59 մլրդ դրամի չափով:

ՀՀ ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պետական բյուջեով 2024 թվականի համար տարբեր ոլորտների ծրագրերի իրականացման համար առկա են ֆինանսական միջոցներ:

«Մենք կկատարենք մեր բոլոր խոստումները. նվազագույն կենսաթոշակը կհավասարվի նվազագույն պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղին: Ավելացել են երեք երեխա ունեցող ընտանիքների դրամական աջակցության ծավալները: 500 դպրոցի եւ 300 մանկապարտեզի շինարարության համար ֆինանսական միջոցներն առկա են, առնվազն 500 կմ ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված գումարները նույնպես նախատեսված են»,- նշել է նախարարը:

Առաջիկա երեք տարիների ընթացքում պլանավորվում է 7 տոկոս տնտեսական աճ, բարենպաստ պայմաններում՝ 9 տոկոս: Նպատակ է դրվել կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում հասցնել 6.6 տոկոսի, ընթացիկ ծախսերը՝ 22 տոկոսի:

Պետական պարտքի առնչությամբ նշվել է, որ պարտքը չի գերազանցի 49 տոկոսը: «50 տոկոսի շեմը չենք անցնելու»,- ասել է նախարարը եւ հավելել, որ 2025 թվականի պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է թողարկել եվրոբոնդեր: Ներկա դրությամբ պետական պարտքը կազմում է 46.7 տոկոս:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող գումարներն արդյոք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, հասնո՞ւմ են ԼՂ քաղաքացիներին, որովհետեւ չկա բավարար վստահություն, որ դրանք ծառայում են նպատակին: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է բավարար ուշադրություն դարձնեն այդ ծախսերի արդյունավետությանը: Նշվել է, որ անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրանց վերաբերյալ:

Գեւորգ Պապոյանի առաջարկությամբ Ֆինանսների նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին ՀՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների տրամադրմանը: Ըստ այդմ՝ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել էին 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է: Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Սակայն Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարի տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ Կառավարության կողմից եկամուտների գերակատարման որոշակի փաստն առաջին կիսամյակում, նախնական ուսումնասիրելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղում հարկերի հավաքագրման հետ կապված առկա խնդիրները՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել ավելացնել տրամադրվող գումարի չափը մինչեւ 162 մլրդ դրամ: Եթե անհրաժեշտություն լինի, ապա կավելացնենք եւս 9.6 մլրդ դրամ՝ բացի այն գումարներից, որոնք ամենամսյա կտրվածքով տրամադրում ենք»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պլանավորված է յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղին տրամադրել 144 մլրդ դրամ միջպետական վարկ: «Որեւէ նվազման հարց չի քննարկվում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մենք, բնականաբար, մեր հնարավորությունների սահմաններում ավելացնում ենք տրամադրվող գումարների չափը»,- ընդգծել է զեկուցողը:

Նախարարը նաեւ փաստել է, որ մեր քաղաքականությունն է՝ չմիջամտել ԼՂ-ին տրամադրված միջպետական վարկերի օգտագործմանը:

Գեւորգ Պապոյանը փաստել է, որ անհրաժեշտ է միջամտել, քանի որ դրանք ՀՀ քաղաքացիների գումարներն են, որոնք վարկի տեսքով տրամադրվում են ԼՂ-ի քաղաքացիներին: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները Երեւանում եւ այլ մեծ քաղաքներում չեն դառնում անշարժ գույք: Նա նաեւ հետաքրքրվել է՝ պատերազմից հետո ԼՂ պետական համակարգում կրճատումներ եղե՞լ են, թե՝ ոչ, աշխատավարձերը բարձրացե՞լ են, ի՞նչն ենք այնտեղ սպասարկում, ի՞նչ կառուցակարգեր են մշակվում դրանք վերահսկելու համար: Ըստ նրա՝ այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ քննարկում են բոլոր հարցերը: Ըստ նրա՝ առաջիկայում քննարկումները տեղի կունենան հեռավար ձեւաչափով:

Հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանի հարցերը հիմնականում առնչվել են պետական պարտքին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31