ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 26-ին քննարկել է մի շարք գերատեսչությունների այն ֆինանսական հատկացումները եւ ծրագրերը, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում:
Աշխատանքային քննարկումը վարել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի խոսքով ներկայացված փաստաթղթով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 84 մլրդ 531 մլն դրամ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը` 347 մլրդ 527 մլն դրամ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` 20,3 մլրդ դրամ, Քաղաքաշինության կոմիտեին` 5 մլրդ 102 մլն դրամ, Պետական եկամուտների կոմիտեին` 36 մլրդ 307 մլն դրամ, Կադաստրի կոմիտեին` 4 մլրդ 497 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ բյուջեով ոլորտներին լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրվում են` ելնելով իրականացվելիք միջոցառման եւ ծրագրի արդյունավետությունից ու առաջնահերթությունից:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով գալիք տարում գերատեսչությունը նախատեսում է իրականացնել 23 ծրագիր, 117 միջոցառում: Նախարարությունը շարունակելու է ճանապարհների ասֆալտապատման, մի շարք կամուրջների հիմնանորոգման աշխատանքները:
Գնել Սանոսյանի տեղեկացմամբ 2024 թվականի բյուջեով նախատեսվում է իրականացնել Դիլիջանի եւ Պուշկինի թունելների հիմնանորոգում: «Մենք այս տարի մրցույթ ենք իրականացրել, ընկերությունը կատարում է նախագծման աշխատանքներ»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ թունելները կառուցումից ի վեր երբեք չեն հիմնանորոգվել, կան մի շարք խնդիրներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է նախարարից` արդյոք հիմնանորոգման ընթացքում փակվելո՞ւ են թունելները եւ ինչպե՞ս են վարորդները շրջանցելու այդ հատվածը:
«Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր կառաջանա` հիմնանորոգվել են Ծովագյուղից դեպի Սեմյոնովկա եւ Դիլիջան նախկինում գործող շրջանցիկ ճանապարհի որոշ հատվածներ»,- ասել է նախարարը:
Գնել Սանոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գերբեռնվածության հետեւանքով ճանապարհների վնասմանը եւ այս համատեքստում դրանց վերահսկողության իրականացման անհրաժեշտությանը, Մեծամորի ատոմակայանի հզորացմանը, արեւային էներգիայի օգտագործմանը, մարզպետարանների կառուցվածքային փոփոխություններին:
Նախարարի խոսքով 2024 թվականին մեծաթիվ աշխատանքներ են իրականացվելու Մեծամորի ատոմակայանում: 2024-2025 թվականների համար նախարարությունը պլանավորել է կատարել աշխատանքներ, որոնք կնպաստեն երկարաձգել ատոմակայանի աշխատանքի ժամկետը մինչեւ 2036 թվականը:
«Էկոնոմիկայի նախարարությունը, նպատակ ունենալով իրագործել Կառավարության ծրագիրը, 2024 թվականի համար ներկայացրել է 138,7 մլրդ դրամի հայտ, որից հաստատվել է 84,7 մլրդ դրամը»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա խոսել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրված աջակցությանը: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականացվում է ռադիոմոնիտորինգի ծրագիրը` աշխատողներին վերապատրաստելու եւ նոր մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Այս համատեքստում նախարարությունը խնդրել է ավելացնել պահպանման ծախսերը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը կազմել է 740 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովը տարեկան իրականացնում է 100 ուսումնասիրություն կամ վարույթ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով գալիք տարում հանրապետության բոլոր մարզերը եւ բնակավայրերը կունենան գլխավոր հատակագծեր, գոտեւորման նախագծեր, տարածական պլանավորման փաստաթղթեր: Զեկուցողն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացմանը:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի` 2024 թվականի ընթացքում կոմիտեն կիրականացնի 12 միջոցառում:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ էլ օրենսդրական փոփոխության արդյունքում հաջորդ տարի կներդրվի էլեկտրոնային նոր համակարգ:
ՀՀ Ազգային ժողով