«Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի ու Փաշինյանի հալածանքներից տուժած բոլոր մեր քաղաքացիների ընտանիքներին, որ այն ցինիկ ժպիտը, ցինիկ ծիծաղը, երեկ մենք տեսանք Փաշինյանի դեմքին, մենք իր դեմքից կմաքրենք՝ մեկընդմիշտ»
«Այո, աշխարհում չի եղել մեկ նմանօրինակ կոնֆլիկտ, երբ բանակցություններն ընթացել են մետրոպոլիայի հետ: Տեսանք 2018-ից սկսած՝ ո՞նց էիր բանակցում Ադրբեջանի հետ, ինչ-որ խոստումներ էիր տալիս 2018-ին, որոնք դեռեւս չեն հրապարակվել՝ սահմանային լարվածությունը նվազեցնելու դիմաց: Փառք Աստծո, հայ զինվորի կյանք է փրկվել, բայց այդտեղ եղել է ինչ-որ խոստում Փաշինյանի կողմից, դա ակնհայտ է, հո իր սիրուն աչքերի համար չի՞ Ալիեւը համաձայնություն տվել դրան»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ ի հակադրություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որ Ադրբեջանի հետ մենք չենք բանակցել:
«Ամբողջ կյանքը դանոս գրած մարդը, որը չի հասկանում, թե ի՞նչ է գրված տեքստի մեջ, մտածում է, որ դա էլ է այդպիսին»,- սա էլ Նիկոլ Փաշինյանի պատասխանն է՝ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին նամակի առիթով հնչեցրած տեսակետին:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը հավելում է՝ Նիկոլ Փաշինյանը 2020-ից էլ սկսած ուղիղ բանակցում է Ադրբեջանի հետ, արդյունքը տեսնում ենք բոլորս եւ հորդորում է Նիկոլ Փաշինյանին՝ ավելի լավ է չխոսի նրանից, ինչից չի հասկանում:
«Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի ու Փաշինյանի հալածանքներից տուժած բոլոր մեր քաղաքացիների ընտանիքներին, որ այն ցինիկ ժպիտը, ցինիկ ծիծաղը, երեկ մենք տեսանք Փաշինյանի դեմքին, մենք իր դեմքից կմաքրենք՝ մեկընդմիշտ»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ քաղբանտարկյալների հարցի մասին Նիկոլ Փաշինյանի պատասխանին: Հայկ Մամիջանյանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, երբ ասում է, որ Արմեն Աշոտյանը ԵՊԲՀ ֆինանսներով անձնական գույք է գնել, քանի որ անգամ նրան մեղադրանք առաջադրելու պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այդ գույքը գտնվում է ԵՊԲՀ հաշվեկշռին:
«Փաշինյան Նիկոլը ատում է հային»,- Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից նաեւ այսպիսի տպավորություն է ստացել Հայկ Մամիջանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ