Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրականության «վտարումից» մինչեւ Խաղաղության պայմանագիր

Հուլիս 26,2023 20:10

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերջերս հայտարարել էր, որ որ միջին մասնագիտական կրթությամբ 1300 ուսուցիչներ օգոստոսից այլեւս չեն կարող աշխատել դպրոցում, եւ եթե նրանք կամավոր ատեստավորման գործընթացն անցնեն հաջողությամբ ու հավաքեն 60 եւ ավելի տոկոս, այդ դեպքում միայն կունենան հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։

Կրթության փորձագետների կարծիքով, նման որոշումը աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ երկիրը հրելով կրթական փակուղի: Նրանք նաեւ փաստում են, որ մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրը հենց ուսուցիչների պակասն է, անգամ ամիսների կտրվածքով գահավիժում է նկատվում:

Ֆինանսական կառավարման փորձագետ, հետազոտող Արտակ Քյուրումյանը կարծիք էր հայտնել, որ ուսուցիչներին դպրոցից հեռացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ կատարել վերլուծություն, հրապարակել զեկույց, թե ինչպիսին է իրավիճակը, եւ այդ 1300 ուսուցիչները, որ կրճատվելու են, որ համայնքներից են, ինչ մասնագիտությունների գծով, ինչ այլընտրանքներ է դիտարկում կառավարությունը:

Հետաքրքիր է, որ գեթ մեկ օր դպրոցում չաշխատած Ժաննա Անդրեասյանը որոշում է կայացնում տարիների վաստակ ու կենսագրություն ունեցող ուսուցիչների վերաբերյալ: Ընդ որում, գոյություն չունի կոնկրետ հետազոտություն, որ դպրոցներում մասնագիտական որակավորումները բավարար չեն եղել, եւ ուսուցիչների՝ միջին մասնագիտական կրթություն ունենալը խոչընդոտել է աշակերտների որակյալ կրթությանը:

Եթե ԿԳՄՍ նախարարությունն ունի նման հետազոտություն, ինչո՞ւ չի հրապարակվում այն, իսկ եթե չկա, ուրեմն առանց հիմնավոր հետազոտության նման որոշում կայացնելը, ամենաքիչը դիլետանտական է: Բայց սա հանրակրթության ոլորտի միակ եւ վերջին «բարեփոխումը» չէ:

Մասնագետները ահազանգում են, որ հիմա էլ Հայ հին եւ միջնադարյան գրականությունը վտարված է դասագրքից: Նախարարությունը, սակայն, դրանում կրկին արտառոց ոչինչ չի տեսնում. միջնադարյան գրականությունը առաջարկում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում՝ «Ինքնություն և մշակույթ» թեմայի շրջանակում:

Ի դեպ, ինքնությունից խոսեցինք, հիշեցի՝ դպրոցից վտարվել է նաեւ Հայ եկեղեցու պատմությունը, ավելի վաղ Նժդեհը ֆաշիստ էր հռչակվել: Ներկայիս նախարարը տարիներ առաջ ասում էր, որ Նժդեհական գաղափարախոսությունն, ըստ էության, ֆաշիստական է, այն վտանգավոր է մեզ համար՝ որպես 21-րդ դարի հասարակություն, որովհետեւ հիմնված է աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով:

Գաղտնիք չէ, որ Նժդեհն այսօր խանգարում է շատերին՝ եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս: Չէ՞ որ առջեւում, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31