Մոտ մեկ ժամ է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տարած 19 բեռնատարները կանգնած են Հակարիի կամուրջից քիչ վերեւ Կոռնիձորի հատվածում։ Վերեւից մեքենաների կայանմանը հեռադիտակներով դիտարկում են Եվրոպական միության դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդները։
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ կապ են հաստատել ռուս խաղաղապահների հետ ու սպասում են նրանց արձագանքին։
«Քանի որ գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, խնդրում եմ համբերությամբ սպասել»,-նշեց Վարդան Սարգսյանը։
Կարդացեք նաև
Վերջինս ավելացրեց, որ բեռնատարները մնալու են այստեղ կանգնած այնքան ժամանակ, մինչեւ ստանան ռուս խաղաղապահ զորքերից արձագանք, որպեսզի որոշեն հետագա քայլերը։
«Դիմել ենք նրանց, որպեսզի նրանց միջոցով բեռները հասցնենք Արցախ։ Սպասում ենք լրացուցիչ պարզաբանումների»,-նշեց Վարդան Սարգսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ