Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմային սթրեսի առաջացման պատճառներն ու հետևանքները

Հուլիս 26,2023 17:59

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

2023թ.-ի հուլիսի 3-ը եղել է աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ օրը՝ համաձայն ԱՄՆ Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալների։ Ըստ վիճակագրության՝ միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է 17.01˚C` գերազանցելով 2016թ.-ի օգոստոսի 16.39˚C-ի ռեկորդը, երբ շոգ եղանակը մոլեգնում էր ամբողջ աշխարհում: Իսկ Միացյալ Թագավորության օդերևութաբանական բյուրոյի կողմից այս տարվա մայիսին պատրաստած զեկույցում նշվում է, որ 66% հավանականությամբ 2023-2027թթ.-ին միջին տարեկան մերձմակերեսային գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա ևս 1.5°C-ով:

Ըստ նույն զեկույցի՝ 2023թ.-ի փետրվարից ի վեր Հասարակածային Խաղաղ օվկիանոսի կենտրոնական-արևելյան մասում ծովի մակերևույթի ջերմաստիճանի ամսական միջին անոմալիաները զգալիորեն աճել են՝ բարձրանալով գրեթե 0.5 աստիճանով` միջինից բարձր: Զեկույցի կենտրոնում են կլիմայի հիմնական ցուցանիշները՝ ջերմոցային գազերը, ջերմաստիճանը, ծովի մակարդակի բարձրացումը, օվկիանոսի տաքացումը և թթվայնացումը, ծովային սառույցի և սառցադաշտերի հալոցքը: Այն նաև ընդգծում է կլիմայի փոփոխության և ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքները և նշում, որ վերջին 8 տարվա ընթացքում գրանցված գլոբալ միջին ջերմաստիճանը ամենաբարձրն է պատմության մեջ:

Երաշտները, ջրհեղեղները և անոմալ շոգը ազդել են բոլոր մայրցամաքների վրա և պետությունների համար արժեցել են բազմաթիվ միլիարդավոր դոլարներ: Անտարկտիդայում ծովային սառույցի քանակը նվազել է մինչև գրանցված ամենացածր մակարդակը, իսկ եվրոպական որոշ սառցադաշտերի հալվելը ռեկորդային քանակի է հասել: Մինչ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, և կլիման շարունակում է փոխվել, եղանակային և կլիմայական ծայրահեղ իրադարձությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհի բնակչության վրա: Արևելյան Աֆրիկայում շարունակվող երաշտը, Պակիստանում ռեկորդային տեղումները և Չինաստանում ու Եվրոպայում այս հուլիսին գրանցված ռեկորդային շոգը ազդել են տասնյակ միլիոնավոր մարդկանց վրա, հանգեցրել են սննդի անվտանգության պակասի, ավելացրել են զանգվածային միգրացիան և միլիարդավոր դոլարների կորուստ և վնաս են պատճառել:

Ամռանը ռեկորդային շոգ ալիքներ են սպասվում Եվրոպային։ Եվրոպայում շոգի հետ կապված մահերի թիվն ընդհանուր առմամբ գերազանցել Է 15000-ը` Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում միասին:

Եղանակային անոմալիաներից ելնելով` շատ կարևոր է իմանալ, թե ի՞նչ է ջերմային սթրեսը և ի՞նչն է այն առաջացնում:

Ջերմային սթրեսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմինը զգում է ջերմության կուտակում այն մակարդակից բարձր, որին կարող է դիմադրել: «Մարդու մարմինը քրտինքի գոլորշիացման միջոցով սառչելու ֆանտաստիկ ունակություն ունի: Մենք գիտենք, որ քրտինքի գոլորշիացումը կարող է օգնել նվազեցնել մարմնի ջերմաստիճանը»,- ասում է Բոյսի պետական համալսարանի հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր Ուվե Ռիշլը:

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինը քրտինք է արտադրում, գոլորշիացումը կարող է սահմանափակվել օդի խոնավության պատճառով:

Մեկ այլ գործոն, որն առաջացնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, այն է, որ մարդիկ կրում են հագուստ, որը խոչընդոտում է մաշկից քրտինքի արտազատմանը: Եվ երբ մարմինը բավարար քանակությամբ ջուր չի ունենում, այն ջրազրկվում է այն աստիճանի, որ այլևս ի վիճակի չէ քրտինք արտադրել:

Տաք օդը կարող է ավելի շատ խոնավություն պահել, քան սառը օդը: «Այսպիսով, որքան տաք է ջերմային ֆոնը, այնքան բարձր է խոնավության մակարդակը», – նշել է փորձագետը: Բազմաթիվ շենքերով, սալահատակ ճանապարհներով և կայանատեղիներով քաղաքային միջավայրը մեծացնում է ջերմային սթրեսի հավանականությունը, քանի որ դրանք կլանում են արևի ջերմությունը ամբողջ օրվա ընթացքում:

«Ջերմային սթրեսը հիվանդությունների մի ամբողջ սպեկտր է», – ասում է Վաշինգտոնի համալսարանի շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային առողջության պրոֆեսոր Քրիստի Էբին: Ախտանիշները կարող են տատանվել՝ ձեռքերի փոքր կարմրավուն բշտիկներից մինչև ուշագնացություն: Ծայրահեղ դեպքերում, եթե մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 39˚C, դա կարող է հանգեցնել ջերմային հարվածի, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ուղեղի և այլ ներքին օրգանների այտուցվածության և որոշ դեպքերում ավարտվել մահվան ելքով:

Ըստ պրոֆեսոր Էբիի՝ երբ մենք ենթարկվում ենք բարձր ջերմաստիճանի, մեզ ժամանակ է պետք, որպեսզի մեր մարմինը սառչի, և դա սովորաբար տեղի է ունենում գիշերվա ընթացքում, բայց 1970 թվականից ի վեր գիշերային ամառային ջերմաստիճանը բարձրացել է միջինը 3 աստիճանով, ինչը նշանակում է, որ մարդիկ գիշերը ավելի քիչ են զովանում:

Երեխաները, տարեցները և հղիները ջերմային սթրեսի նկատմամբ առավել խոցելի են: Մարզիկներն ու բացօթյա աշխատողները կարող են շատ ավելի մեծ ռիսկի ենթարկվել ջերմային սթրեսի համար, քանի որ որքան շատ մարդիկ շարժվեն կամ աշխատեն, այնքան ավելի շատ ջերմություն պետք է հեռացվի նրանց մարմնից: Սա նշանակում է, որ մարզիկներն ու բացօթյա աշխատողները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ կարող են ավելի մեծ ռիսկի ենթարկվել ջերմային սթրեսի համար:

Ջերմային սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ բացօթյա ինտենսիվ գործողություններից, խմել շատ հեղուկ, հեռու մնալ արևի անմիջական ճառագայթներից և ավելի շատ ժամանակ անցկացնել օդորակված վայրերում: Հովանալու արդյունավետ այլ եղանակներից են նաև պարանոցը սառը սրբիչներով փաթաթելը, Էլեկտրական օդափոխիչի կիրառումը, ինչպես նաև գիշերը պատուհանները բացելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31