44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, որն իր բախտակիցների հետ միասին արգելափակած է պահում Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը, Aravot.am-ի հետ զրույցում նպատակահարմար չգտավ ասել իր կամ իր որդու անունը՝ հիմնավորելով, որ այլեւս պետությունից ամեն ինչ սպասում է: «Ես չգիտեմ, թե ինչի են ընդունակ: Լավ բանի հաստատ ընդունակ չեն»,-ասաց անհետ կորածի մայրը:
«Ես վստահ եմ՝ իմ երեխան ողջ է: Վստահ եմ՝ իմ երեխան գալու է: Սրանք մեռնեն էլ, իմ երեխան գալու է: Միայն տեսնեք, թե թոռներս ինչպես են սպասում իրենց հորը: Դեռ փոքր են ու նոր են սկսել խոսել: Հեռախոսը hենց զանգում է, պապա գոռալով վազում են: Սիրտ, դե դիմացիր: Սա ծնողի վիճակ է՞: Այսպե՞ս են հարգում զինվորի ծնողին: Փաշինյանի երեխաներն իր կողքին են ու ինքը գլուխը հանգիստ դնում է բարձին»,-ասաց տիկինը:
Aravot.am-ի հարցին, թե էլ ի՞նչ քայլեր են մնացել եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն, տիկինը պատասխանեց. «Շատ դժվար հարց եք տալիս, որովհետեւ իսկապես չգիտենք, թե էլ ինչ անենք: Բոլոր կառույցներն իրեն են ենթարկվում: Որ ասում են՝ դատարաններն անկախ են, սուտ է: Ոնց ինքը ասի, այնպես էլ կանեն: Որ անկախ են, ո՞նց եղավ, որ իր տղայի հետ կապված երկու ժամ չտեւեց: Միանգամից բռնեցին, բերեցին, դատն արեցին, վտարեցին: Բա մեր երեխաների պահով ինչի՞ էդպես չի: Մեր երեխաները երեխա չե՞ն: Թե մեր երեխաները իրենը չեն, դրա համար էլ գլուխը չի ցավում: Ինչի՞ ցավա, ո՞ւմ համար ցավա: Ինքը հատուկ էլ տարավ կորցրեց երեխաներին: Ու հատուկ էլ չի բերում, որ շատ բան չբացվի: «Քիմիկը» ի՞նչ գործ ուներ այնտեղ, ի՞նչ գործ ուներ՝ հասներ մի տեղ, որտեղ երեք օր արդեն թուրքի դրոշակ է ծածանվում: Ինչի՞ էին տանում: Կամ հասնելու պես զանգում, ասում են ապրանքը տեղ հասավ: Հրամանատարն է զանգել, բայց չգիտեմ՝ ում: Այս ինֆորմացիան հաստատված է, ապացույցներով ունենք: Հետ եկած զինվորներ կան, որ դրա մասին խոսում են: Չգիտեմ, հրապարակային կխոսեն, թե ոչ, բայց խոսել են: Իրենք էլ տեղյակ են, որ խոսում են: Դրա համար էլ մեր երեխեքը չեն բերվում, որովհետեւ շատ բան ունեն թաքցնելու: Որովհետեւ, որ եկան, խոսելու են ու ոչ միայն խոսելու են, այլեւ, այն, որ մայրը նստել է ասֆալտին, դրա համար էլ են պատասխան պահանջելու»,- ասաց նա:
Տիկինը չի հասկանում իրենց չմիացող գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողներին ու հարազատներին:«Մի՞թե այդքան շուտ մոռացաք ձեր զավակներին, մի՞թե նրանց այլեւս չեք սպասում»,- հարցնում էր նա:
Կարդացեք նաև
Իսկ այն քաղաքացիներին, որոնք անհաղորդ անցնում են իրենց կողքով ու դեռ մի բան էլ անվանարկում են, ասաց. «Քիչ առաջ մեկն անցավ ու ասաց, թե բոշայի պես շարվել ենք փողոցում: Ի՞նչ պատասխանես այդպիսիներին: Դե, եթե ես բոշա եմ, տա Աստված, դու էլ իմ օրն ընկնես ու մի բոշա էլ դու դառնաս: Իմ երեխան հո միայն իմ համա՞ր չի գնացել: Գնացել է ձեր, մյուսի, նաեւ այդպես խոսացողների համար: Բա դու ո՞նց ես քեզ նման արտահայտություն թույլ տալիս: Ով կհասկանա՝ կհասկանա, չի հասկանա, թող իմ օրով ապրի, ու կտեսնենք՝ դրանից հետո հասկանա՞, թե էլի չի հասկանա: Մի ժամ իրենց երեխաներից լուր չունենան, բոլորին կխառնեն իրար: Այդպիսիներին թվում է, թե բան ու գործ չունենք ու այս 40 աստիճան շոգին եկել, ասֆալտի վրա ուղղակի ժամանակ ենք անցկացնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ