Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնավուրը Կասպարյանի աչքերով». չհրապարակված լուսանկարների ցուցադրություն Փարիզում

Հուլիս 26,2023 15:54

Հուլիսի 18-ին  Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում բացվել է ֆրանսահայ մեծանուն լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ «ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսը։

Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նախընթաց Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանը, համագործակցելով Լիդիա Կասպարյանի և «Ազնավուր» հիմնադրամի հետ, ներկայացնում է նախկինում չհրապարակված լուսանկարների բացառիկ ցուցադրություն։

Ներկայացված շուրջ հարյուր լուսանկարների հեղինակը ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն է, ով իր օբյեկտիվում հավերժացրել է 1960-ականներին Ֆրանսիայում և աշխարհում մեծ հռչակ վայելող մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք:

«1960 թվականին Փարիզի «Ալհամբրա» սրահում կայացած հայտնի համերգի ժամանակ Կասպարյանն առաջին անգամ հնարավորություն ունեցավ լուսանկարելու հորս։ Այդուհետ, շնորհիվ սուր աչքի և տեխնիկական վարպետության, նա կարողացավ յուրօրինակ ձևով հավերժացնել Ազնավուրի կյանքի և կարիերայի բազմաթիվ այլ առանցքային պահեր։ Սև ու սպիտակ, թե գունավոր՝ յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է պատմում, փոխանցում մի հույզ, վավերագրում ճշմարտությունը: Թույլ տվեք ձեզ զգալ այդ լուսանկարների հավերժական գեղեցկությունը և ընկղմվել Շառլ Ազնավուրի տիեզերքում՝ շնորհիվ Ռոժե Կասպարյանի տաղանդավոր աչքի»,- ցուցադրության մասին խոսելով՝ նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուրը Կասպարյանի աչքերով» ցուցահանդեսը հարգանքի տուրք է մատուցում մեծ արտիստին ու ներկայացնում նրա կյանքի պատմության կարևոր շատ դրվագներ: Իսկ Ազնավուրի կենսագրությունը սերտորեն կապված է Փարիզի 9-րդ թաղամասի և հատկապես Նավարեն փողոցի հետ, որտեղ ապրում էր իր ընտանիքը: Ազնավուրը նաև հայ ինքնության դեսպանն էր ու ամուր թելերով կապված էր հայրենիքին, ինչը ևս կարող ենք վերաբացահայտել ցուցադրված լուսանկարների շարքի միջոցով:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև սեպտեմբերի 17-ը։

Մուտքն ազատ է:

Հասցե՝ Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարան (Դրուոյի փող. 6)

«Ազնավուր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31