ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են այդ կազմակերպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ:
Միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնման նպատակով, որպես նոր չափանիշ, գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի, գլխավոր գիտաշխատողի, գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավարի տարակարգերի համար պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն:
Ներկայում գործում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը: Քանի որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում:
Կարդացեք նաև
Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման կարգի հաստատման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող, հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի երիտասարդ գիտաշխատողների մուտքը ոլորտ:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. օգոստոսի 11-ը ներառյալ` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/6021 կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 11.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ