Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն չի դատապարտում վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, այսինքն՝ նրանք չեն համարում, որ դա բացասական պրակտիկա է»․ Սոնա Այվազյան

Հուլիս 26,2023 14:57

Երեւանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալներ հավաքագրելու հրահանգ իշխող ուժի կողմից տրվել է տարբեր համայնքներում։ Այս մասին «Իշխող ուժը չարաշահո՞ւմ է վարչական ռեսուրսը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ» քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի եւ զեկուցման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am փաստերի ստուգման հարթակի հետ միասին, կատարել է հետաքննություն, համաձայն որի՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով հավաքագրում է Երեւանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։ Հետաքննությունը պարզել է, որ գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը։ Գեւորգ Պապոյանն իր հերթին հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ չկա ապացույց։

Վարդինե Գրիգորյանն ասաց, որ այս տեղեկությունը ստացել են հենց վարչական ղեկավարներից եւ առանձին աղբյուրներից։ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել էր տեղեկատվություն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից ստացված հրահանգով՝ Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին եւ հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երեւանում գրանցված քաղաքացիների հետ եւ ձայներ հավաքել Տիգրան Ավինյանի օգտին։ «Ցուցակը մեզ ուղարկել է համայնքի ղեկավարներից մեկը։ Զրույցների ընթացքում հաստատվեց, որ այս հրահանգը տրվել է տարբեր համայնքներում։ Մենք ժամանակի սղության պատճառով ստուգեցինք միայն մեկ համայնք։ Այսինքն՝ հանգամանքների բերումով հենց Սպիտակի մասով շատ արագ կարողացանք ստուգել։ Համոզված ենք, որ վարչական ռեսուրս էր, քանի որ խողովակները վարչական էին։ Փաստացի կիրառվել էր վարչական ռեսուրս, այսինքն՝ համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, աշխատակազմեր։ Հանձնարական էր տրվել ներկայացնել ինչ-որ քանակներ, բայց չէր տրվել հրահանգ խիստ համոզելու կամ հորդորելու, սպառնալիք տեսքով»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։

Անդրադառնալով Գեւորգ Պապոյանի հերքմանը՝ Վարդինե Գրիգորյանն ասաց․ «Ես չեմ կարծում, որ պարոն Պապոյանը հիմքեր ունի մերժելու։ Այն, ինչ ինքն ասում է, կարող է վերաբերել մեկ կամ երկու զանգի, բայց ոչ մնացած զանգերին»։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ վարչական ռեսուրսը կարեւոր գործոն է, որը կարող է ազդել ընտրողների կարծիքի ձեւավորման վրա։ Եվ դա է պատճառը, որ դիտորդական կազմակերպություններն ուշադրության կենտրոնում են պահում վարչական ռեսուրսի օգտագործման հարցը։ «Շատ ուրախ ենք, որ որոշ դրսեւորումներ բացահայտվել են։ Ըստ էության դրանք նոր չեն, հիշում ենք դեռեւս ՀՀԿ կողմից կիրառվող վարչական լծակները, երբ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ էին բացահայտվել կամ երբ մասնավոր հատվածում տնօրեններն էին ճնշում աշխատակիցներին։ Այսինքն՝ մեթոդները նոր չեն, պարզապես դերակատարներ են նոր։ Առհասարակ իշխանությունը փչացնում է մարդկանց, ինստիտուտները։ Այն ժամանակ վստահ եմ, որ ՔՊ-ն շատ անկեղծ վրդովված էր այդ դրսեւորումներից եւ պատրաստ էր դրա դեմ պայքարել։ Եվ շատ ցավալի է այսօր տեսնել այս դրսեւորումերն այդ ուժի կողմից, որը կարեւորում է ազատ ու արդար ընտրությունները։ Այս պահին նրանք մերժում են, որ նման բան է տեղի ունեցել, բայց նաեւ դատապարտման ինչ-որ երանգներ չենք լսել։ Դա խնդրահարույց է եւ նշանակում է, որ նրանք չեն համարում, որ դա բացասական պրակտիկա է, պետք է թույլ չտալ պարզապես»,- ասաց Սոնա Այվազյանը։

Նա նշեց, որ ահազանգեր կան, որ թեկնածուներից մեկը կապեր ունի նախկինում ընտրակեղծարարության մեջ ներգրավված անձանց հետ, ովքեր ցուցակներ են կազմել, փող են բաժանել։

Ըստ Սոնա Այվազյանի՝ տրվող նախընտրական խոստումները եւս խնդրահարույց են։ «Տրվում են խոստումներ, որ Երեւան քաղաքում կստեղծվի այսինչ ենթակառուցվածքը, այնինչ ենթակառուցվածքը, այն դեպքում, երբ դրանք ուղղակի հակասում են գործող գլխավոր հատակագծին։ Եթե գլխավոր հատակագիծը պետք է փոխվի, դա մասնագետների կարծիքի հիման վրա պետք է արվի, հետո դրա հիման վրա առաջարկներ արվեն, ոչ թե քաղաքական դրդապատճառներով առաջարկեն տարբեր ենթակառուցվածքներ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31