«Պատերազմ չի ուզում ոչ ոք: Փորձել ներկայացնել մեր արժանապատիվ ապրելու պահանջները, որպես պատերազմի քարոզ, սովորական սրիկայություն է: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում երկրի ղեկավար, որին հարց են տալիս՝ եթե քո հայրենակիցներին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ, էնտեղ կա ՊԲ (Իրականում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չի ցանկանում նման սցենար քննարկել․ «Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»․–խմբ․): Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին:
Նիկոլ Փաշինյանի այդ մոլորությանը տրվող ՀՀ քաղաքացիներին Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, որ ադրբեջանցիների կողմից, վերջին շրջանում ՀՀ-ի դեմ բոլոր ոտնձգություններն իրականացվել են Փաշինյանի կողմից հանձնված տարածքներից. սա է նման արտաքին քաղաքականության հետեւանքը:
Նա համաձայն է Նիկոլ Փաշինյանի արած այն պնդման հետ, որ աշխարհը ցանկանում է լուծել ԼՂՀ հակամարտությունըը եւ իրենց համար ելքն այդքան էլ էական չէ՝ իր կողմից հավելելով, որ աշխարհն իր այդ ցանկությունն իրացնելիս գնում է նվազ դիմադրողական ուղղությամբ եւ 2018 թվականից սկսած՝ այդ ուղղությունը եղել է Հայաստանի հիմնական բանակցողը. «Եվ հենց այս է պատճառը, որ զիջումը զիջումի հետեւից ենք արձանագրում ԼՂՀ հարցում, որովհետեւ մի կողմը շարունակում է դիմադրել, մյուս կողմը պատրաստ է ստորագրել ամեն ինչի տակ, ամեն ինչ տալ՝ միայն թե սեփական իշխանությունը պահպանի»:
Արցախին ֆինանսական աջակցության մասով էլ, ինչը երեկ Նիկոլ Փաշինյանը «երեսով էր տալիս», բանախոսը հիշեցնում է ՝ այդ աջակցությունը եղել է միշտ, վերջին շրջանում ավելացել է՝ պայմանավորված այս կառավարության եւ նրա վարած ապաշնորհ քաղաքականության ու պատերազմում մեր պարտության արդյունքում եւ, որ շատ կարեւոր է՝ դա տալիս է ոչ թե իշխող ուժը, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ