«Արցախը ասում է, որ մենք շրջափակման մեջ ենք, երեխաներ են մահանում, որ մենք հաց չունենք, իսկ պաշտոնական Երեւանն ասում է՝ գնացեք՝ Բաքվին դա ասեք»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած տեսակետը՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, այսպես մեկնաբանեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ցանկացած նմանօրինակ պնդումն, ըստ բանախոսի, պետք է համադրել այն փաստի հետ, որ ՀՀ այս պահի կառավարիչները հայտարարել են՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ուստի ցանկացած կոչ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունների՝ ենթադրում է ոչ ուղղահայաց տրամաբանությամբ բանակցություններ. այսինքն, այն, ինչի մասին երազում է Բաքուն:
Հայկ Մամիջանյանը հեգնում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի իր որոշմամբ պետությունն էր փրկում՝ հիշեցնելով, որ ժամանակին ասում էր՝ 20, 25, 30 հազար զինվորի կյանք է փրկել ու չի բացառում, որ մի օր էլ կասի, թե աշխարհը միջուկային աղետից է փրկել: Ամեն դեպքում՝ նրան հիշեցնում է, այդ որոշումից հետո եղել է Ադրբեջանի ագրեսիան Սեւ լճի տարածքում, Սյունիքի նկատմամբ, Ջերմուկի նկատմամբ, ուստի Փաշինյանը պետություն փրկելու մասին իրավունք չունի խոսել:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կրկին նախկինների գրպանը գցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան էլ հիշեցնում է, որ վերջերս անգամ միջազգային գործընկերները, մասնավորաբար Ժոզեպ Բորելն էր հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:
Կարդացեք նաև
Նա առհասարակ, տպավորություն ունի, որ Փաշինյանն ամբողջ օրը համացանցում ինչ-որ բաներ է ման գալիս՝ ԱՄՆ Պետդեպի ինչ-որ զեկույցներ, ինչ-որ ելույթներ, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր մեղքն ուրիշի վրա բարդելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ