ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, որովհետեւ փոխվել են չափորոշիչները: Արդյունքում 3 տարի առաջ աղմուկ հանած թեման կրկին թարմացվել է, որովհետեւ հայ գրականության դասագրքերից հանվել է միջնադարյան գրականությունը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Սայաթ Նովա:
Թեմայի վերաբերյալ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը նշեց. «Ես ի սկզբանե գիտեի եւ այն կարծիքին եմ, որ ապազգային ծրագիր է իրականացվում մեր երկրում: Սա գլոբալիզացիայի մի մասն է: Այն, որ փորձում են ազգային դպրոցը խեղաթյուրել, դա նորություն չէ, ինչպես Արայիկ Հարությունյանի ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ, ով հիմա էլ ստվերից համակարգում է կրթության եւ գիտության ոլորտը»:
Պրոֆեսորի խոսքով, նույն ծրագիրը շարունակվում է. «Մեզ կտրում են մեր ազգային արմատներից՝ միջնադարյան գրականությունը, որ մեր ամենահարուստ գրականությունն է, դուրս թողնելով դպրոցական ծրագրից: Այդպես մեզ ուղղակի պոկում են մեր հիշողությունից՝ այս ազգին դարձնելով մանկուրտ, ամբողջ կոնցեպցիան սա է: Քիչ թե շատ վերլուծական միտք ունեցող մարդն այս ամենը պարզ տեսնում եւ հասկանում է: Ինչ վերաբերվում է միջնադարյան գրականությանը, մեր երեւելի դեմքերը հենց այդ շրջանում են: Դուրս են թողնում Նարեկացուն, որ մեր գրականության ամենախոշոր դեմքերից է եւ ու համաքրիստոնեական սուրբ է հռչակվել, այս մարդիկ դուրս են թողնում: Տարիներ առաջ էլ եմ անդրադարձել այդ թեմային, Հենրիկ Բախչինյանն էլ է անդրադարձել:
Բանն այն է, որ մարդիկ ունեն ծրագիր, որը հետեւողականորեն իրականացնում են; Հիմա, երբ ասում են պայքարենք, ինչպե՞ս պայքարենք, որն է պայքարի ձեւը, հո չենք գնալու հացադուլ անենք: Ամենանողկալին այն է, որ մեր գրականության ամենահարուստ շրջանը դուրս է մնում: Ինչպե՞ս կարելի է սիրո երգիչներին հանել կամ ազգային մտածողություն ունեցող մեր պատմիչներին: Ի վերջո, Խորենացու պատմությունը մեր ծննդյան վկայականն է, ինչը տասնյակ տարիներով փորձել են հայագիտության մեջ միտումնավոր խեղաթյուրել՝ պոկելով նրան 5-րդ դարից ու տանելով 6-7-8-րդ դարեր, ինչի դեմ հայագիտությունը հստակ քայլեր է ձեռնարկել ու պայքարել, հիմա նույն բանը այլ ձեւով իրականացվում է:
Կարդացեք նաև
Ինչպես են որոշել դուրս թողնել հայրենները, որոնք մեր ազգի հոգու կենսագրությունն են, մեր գուսանական հին ժողովրդական երգերն են, որոնց մեջ ամփոփված է մեր ողջ մշակույթը: Ես ամբողջն ուսումնասիրել, հրատարակել եմ, հիմա նորից եմ շարունակում հայրենների ուսումնասիրությունը՝ բանագիտական շերտերով: Սա մեծագույն հարստություն է, մի ամբողջ կյանքի պատմություն, ինչքան գրես, չի հատնի, այս ազգի հոգու կենսագրությունն է՝ պանդխտություն, թաղման երգեր, հարսանեկան երգեր… Ինչպես կարելի է մեր ազգի հոգեւոր կենսագրությունը հանել մեր մատաղ սերնդի միջից»:
Վանո Եղիազարյանն ընդգծում է. «Հայոց եկեղեցու պատմությունը հանել, Հայոց գրականության պատմությունը հանել, խեղաթյուրել պատմության դասագրքերը՝ սա ծրագրված եւ պետականորեն իրականացվող ապազգային քաղաքականություն է, բայց, ցավոք, ժողովուրդը թմբիրի մեջ է եւ չի պատկերացնում հետեւանքները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ