Լրահոս
Օրվա լրահոսը

«3 ավտոբուս տարաք, լցրեցիք Զանգելան, երբ հոկտեմբերի 19-ին արդեն գրավված էր»․ անհետ կորածների ծնողները չեն բացելու Բաղրամյանը, մինչեւ չհանդիպեն Փաշինյանի հետ

Հուլիս 26,2023 12:44

«Բաղրամյան պողոտան չենք բացելու՝ մինչեւ չհանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտարարում են Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք առավոտից փակել են Բաղրամյան պողոտան։

Ծնողներին դեռ մեկ շաբաթ առաջ էին խոստացել, որ հանդիպում կլինի վարչապետի հետ, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել։ Այսօր առավոտյան էլ նրանց հորդորել են սպասել։

«Ինչքա՞ն սպասենք, մի ժա՞մ էլ ժամանակ չունի էդ մարդը»,-ասում են ծնողները։

Նրանք պնդում են՝ իրենց զավակներն անհետ կորած չեն, գերեվարված են։

«35-ն անհետ կորած են։ Տեղից վերադարձների ցուցմունքներ կան, ասում են՝ տեսանք, թե ոնց տարան․․․ տարան փուռը տվեցին։ Երեք ավտոբուս տարաք լցրեցիք Զանգելան էն դեպքում, որ հոկտեմբերի 19-ին արդեն գրավված էր։ Տարաք, որ գերի տայի՞ք, որ չասեի՞ք՝ Զանգելանը հենց էնպես չտվեցինք, կռվով եղավ։ 22 հոգի հետ եկածներ կան էդ մարտից, ասում են՝ հրաշքով ենք փրկվել։ Իրենք հրաշքով չեն փրկվել, իրենք դասալիքներ են։ Զենքը գցել են գետի մեջ ու փախել են, հիմա բերանները ջուր են առել, նստել»,-պատմում է ծնողներից մեկը։

Ծնողները դժգոհում են, որ դատական նիստերը երկար ժամանակով ձգձգվում են։

Ըստ հարուցված քրեական գործի՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31