ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀայաՔվեի ստորագրահավաքին մասնակցող ՀՀ քաղաքացիներին Լոռու մարզում սպառնում են՝ աշխատանքից զրկելով, զինծառայող երեխաներին ու թոռներին նեղելով, քստմնելի այլ արարքներով…
Aravot.am-ի հետ զրույցում Մենուա Սողոմոնյանը մասնավորապես նշեց. «Կան առանձին մարդիկ տարածաշրջանում, որ վախի մթնոլորտ են սերմանում, այնպիսի բաներ են ասում, որ այն մարդիկ, որոնք տրամադրված էին գալ ՀայաՔվեի, գալիս են ինձ կամ մեր այլ աջակից մարդկանց, օրինակ, ասում են՝ դու տե՞ր ես, որ ինձ գործից հանեն, իմ հացը կտրեն, երեխայիս կամ թոռանս բանակում նեղացնեն:
Եղել է նման դեպք, երբ տատիկը եկել է ստորագրելու, չստորագրած տղան զանգել ու բարկացել է՝ ինչ գործ ունես էդտեղ, քեզ ով է թույլ տվել, ուզում ես թոռանդ համար բանակում վա՞տ լինի»:
Մեր հարցին՝ փոքր գյուղե՞րն են այդ առումով ավելի խոցելի, թե քաղաքները, Մենուա Սողոմոնյանն այսպես արձագանքեց. «Քաղաքներում իրազեկվածության խնդիր կա, իսկ գյուղերում շատ ավելի արագ է իրազեկումը տեղի ունենում: Գյուղերում, որպես կանոն, մասնակցության տեսակարար կշիռը ավելի բարձր է, քան քաղաքում: Մենք պարբերաբար գնում, իրազեկում ենք մարդկանց: Որտեղ լինում են ահաբեկումներ, մասնակցությունը, բնականաբար ցածր է լինում»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հայտնեց, որ բոլոր տարիքային խմբերից էլ գալիս են ստորագրելու, ինչ վերաբերվում է երիտասարդներին, նրա խոսքով, երիտասարդները այս ժամանակահատվածում հիմնականում ներգրաված են դաշտային աշխատանքներում, բայց իհարկե, նաեւ երիտասարդներ են գալիս:
Մենուա Սողոմոնյանը նաեւ մեկ այլ դրվագ պատմեց. «Ունեցել ենք անչափահաս, որ սպասել է չափահաս դառնա ու ծննդյան օրը եկել է ստորագրելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ