ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Փոքր-ինչ ավելի մանրամասն Մոսկվայում եռակողմ հանդիպման ու դրանից հետո Լավրովի հայտարարության մասին։
Արցախի հարցում թվում էր, թե հնարավոր չի էլ նշաձող իջեցնել, բայց փաստորեն հնարավոր էր։ Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը դարձել է Հայաստանում ու Ադրբեջանում փոքրամասնությունների իրավունքների հարց։ Հասկանո՞ւմ ենք սա ինչ է։ Նշանակում է, որ Արցախում հայեր չեն կարողանա ապրել մի պարզ հիմնավորմամբ այդ երկրում հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն է քարոզվում։ Նույնը, ինչ ժամանակին Հիտլերն էր անում հրեաների հանդեպ։
Մյուս ականը, որն արդեն դրվում է ՀՀ-ի՝ որպես պետության գոյության հիմքում այն է, որ պետք է ադրբեջանցիներ գան ու ապրեն մեր երկրում։ Ալիևը հիմքեր է ստեղծում դրա համար։ Հենց այդ նպատակով էլ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։ Դա նշանակում է փորձ անել պայթեցնել Հայաստանը ներսից։ Բավարար է մի 1000 հանցագործ տարր ուղարկեն, իսկ իրենք հենց այդպես էլ անելու են, արդեն անկարգությունների հիմք է դառնալու դա։
Կարդացեք նաև
Փաստացի, Արցախի հարցում նշաձողի իջեցումը ոչ միայն «բացառիկ միջազգային կոնսոլիդացիա» չապահովեց Արցախի ու ՀՀ֊ի շուրջ, ինչպես Փաշինյանն էր խոստանում, այլ ուղղակի վտանգի տակ դրեց Արցախում հայկականության պահպանումն ու ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար։
Մոսկվայի միջնորդության մասով նշեմ, որ իմ կարծիքով, քանի որ Մոսկվայում տեսնում են, թե ինչպես է Փաշինյանը հանձնում Արցախը, մտածում են ինչո՞ւ թողեն Փաշինյանը հանձնի, եթե իրենց խաղաղապահն է կանգնած ու իրենք կարող են հանձնել իրենց ձեռնտու պայմաններով։ Շատ կոպիտ բան եմ ասում, բայց դա է։
Իհարկե, ամեն միջնորդ իր շահն ունի։ Բայց անկախ նրանց հանդեպ վերաբերմունքից մի բան փաստ է ՀՀ-ն ներկայացնողները չեն սպասարկում ՀՀ շահը։ Երեկ Փաշինյանն իր բերանով խոստովանեց, որ սուս-փուս լսել է, թե ինչպես են Միշելն ու Ալիևը քննարկում Աղդամով ուտելիք բերելու հարցը։ Հենց այսպես սուս-փուս, մաս-մաս զիջում են մեր իրավունքներն ու մեր երկիրը։ Ու դա արվում է լեգիտիմ իշխանության ձեռամբ, որը ձեռնտու է բոլորին`բացի Հայաստանից ու Արցախից։