Այս հունվարից սկսած՝ 15 ընտանիք է գյուղը լքել, պատճառն աշխատանքի բացակայությունն է՝ մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Մինչեւ 44-օրյա պատերազմը գյուղի բնակիչներն իրենց ապրուստը հոգում էին անասնապահությամբ, սակայն 44-օրյայից հետո, երբ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց դիրքերից, ադրբեջանցիները հայտնվեցին գյուղի տներից 100-200 մետր հեռավորության վրա։
Գյուղն էլ կորցրեց իր արոտավայրերը, ինչը լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գյուղացիներին։
Պատերազմից հետո գյուղի անասնաքանակը կրճատվել է ուղիղ 50 տոկոսով։
«Գյուղը 100 տոկոսանոց վառելափայտի խնդիր ունի, մարդիկ իրենց բախչեքը, ինչ ունեն-չունեն՝ կտրված, վառված է, էլ պահուստային ոչ մի բան չունենք։ Այս պահի դրությամբ՝ բնակիչների հետ շփման ժամանակ նշում են, որ մնալու հնարավորություն չունեն»,- ասաց Միրզոյանը։
«Մարդիկ այս տարի անցած տարվա համեմատ երկու անգամ ավելի են մշակել, բայց անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքը քիչ է լինելու։ Պատկերացրեք՝ վիճակն այնքան է վատացել, որ բազմազավակ ընտանիքներն են արդեն դուրս գալիս»,- շեշտում է Խնածախի ղեկավարը։
Իրավիճակը՝ առանց խախտումների, դեռեւս պահպանվում է, իսկ թշնամու զինվորականների կողմից սադրանքներ անընդհատ լինում են։
«Հայհոյանքները՝ մերոնց ուղղված, ամեն օր էլ լինում են, մենք էլ իրենց ենք պատասխանում։ Ավելի լուրջ սադրանքներ էլ են լինում, նայած իրենց օրվա տրամադրությանը։
Պատկերացրեք՝ իրենք հրահրում են, որ դու պատասխանես, քո պատասխանը նկարահանում են ու ուղարկում իրենց ղեկավարությանը։ Այ, էդ կարգի անշնորհքներ են»,- ասաց Միրզոյանը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: