Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց են անում։ Հանդիպում են պահանջում նախագահի կամ վարչապետի հետ։
Որոշ ժամանակ սպասելուց հետո ոստիկաններից մեկը հայտնեց, որ սպասեն պատասխանի, ինչից հետո ծնողները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան։ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի մոտ այս պահին խցանում է։
Նրանք հունիսի 19-ին նույնպես բողոքի ցույց էին անում, նախ՝ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այդպես էլ տեղի չունեցավ, ապա՝ նախագահական նստավայրի մոտ՝ կրկին պահանջելով հանդիպում նախագահի հետ, որը նույնպես տեղի չունեցավ։
Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենցից մեկ շաբաթ ժամանակ են խնդրել, որպեսզի հանդիպում կազմակերպեն նախագահի կամ վարչապետի հետ․ «Մի շաբաթն անցավ, բնականաբար, մենք նորից այստեղ ենք։ Այստեղից չենք գնալու՝ մինչեւ չընդունի։ Մի շաբաթ կտեւի, տասը օր կտեւի, մինչեւ իրենց օրակարգը դասավորվի այնպես, որ ժամանակ գտնեն հանդիպելու․․․ երկար ժամանակ չի պահանջի մեզ հետ հանդիպումը։ Մեզ անհանգստացնող երկու հարց կա՝ մեր տղաները, որոնք անհետ բացակայող են, մյուսը՝ դատական գործընթացը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։
Ծնողներից մեկի ներկայացմամբ՝ դատական գործընթացից այնպիսի տպավորություն է ստացել, կարծես ցանկություն չկա պատիժ կիրառելու․ «35 տղա անհետ կորած է, իսկ Անդրանիկ Մակարյանն անգամ կալանքի տակ չէ, ազատ ներսուդուրս է անում։ Երեւի բարեկամական կապ կա վարչապետի հետ, որ ինչ-որ բան չի լինում, չգիտեմ․․․»։
Ծնողներն ասում են՝ որ դուռը գնում են, բոլորն ասում են՝ աշխատում ենք էդ ուղղությամբ․ «Երեկ քննարկում էին սմբուկը, բամիան․․․էդ ինչ քննարկելու հարց է։ Էս տղերքի հարցը թողել, ընկել են բադրիջանի հետեւից։ Ցավ եմ ապրում։ Մի ժամ ժամանակ չունե՞ն մեզ համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ