Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ են «պատմում» ոտքերն առողջության մասին

Հուլիս 26,2023 09:30

Ոտքերն, իրենց վրա կրելով օրգանիզմի ողջ ծանրությունը, երբեմն սկսում են «բողոքել»՝ հիշեցնելով, որ հանգստի ժամանակն է, և մի փոքր դադար առնելուց հետո իրենք կրկին պատրաստ են «գրավել աշխարհը»։ Սակայն որոշ դեպքերում ոտքերում ցավը, տարօրինակ զգացողությունները ոչ միայն սոսկ հոգնածության արդյունք են, այլև առողջական որոշ խնդիրների մասին հուշող ազդակներ, որոնք անուշադրության չմատնելը կօգնի վաղ ախտորոշել և բուժել լուրջ հիվանդությունները։

Ոտքերի սառնություն

Եթե ոտնաթաթերը, ոտքի մատները միշտ սառն են, պատճառներից մեկը կարող է լինել արյան վատ շրջանառությունը՝ կապված ծխելու, զարկերակային բարձր ճնշման, սրտային հիվանդությունների հետ։ Չվերահսկվող դիաբետի դեպքում նյարդերի վնասումները նույնպես կարող են ոտքերում սառնության զգացողություն առաջացնել։ Հնարավոր այլ պատճառները կարող է լինել հիպոթիրեոզն ու սակավարյունությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս խնդիրներից զատ ոտքերի սառնությունը պարզապես օրգանիզմի առանձնահատկությունը կարող է լինել, իսկ թե որն է իրական պատճառը, կարող է ախտորոշել միայն բժիշկը։ 

Ոտքերի ցավ

Օրվա վերջում ոտքերի ցավը կարող է կապված լինել ընթացիկ ծանրաբեռնվածության կամ բարձրակրունկների հետ, սակայն եթե ոտքերի ցավի առերևույթ պատճառներ չկան, բայց դրանք, միևնույն է, ցավում են, ապա ցավի պատճառ կարող են լինել օստեոպորոզը, կոտրվածքները, ոսկորների մանր ճաքերը։ Հնարավոր պատճառներից մեկը ծայրահեղ ծանրաբեռնված մարզումներն են, որոշ սպորտաձևերը, ինչպիսիք են բասկետբոլն ու վազքը։ 

Ոտքերի կարմիր, սպիտակ ու կապույտ մատներ  

Ռեյնոյի հիվանդությունը կարող է հանգեցնել ոտքերի մատների գույնի փոփոխությունների․ այս համախտանիշի դեպքում ոտքերի մատները սկզբում սպիտակում են, ապա կապտում, այնուհետև կարմրում, որից հետո վերականգնվում է մաշկի նորմալ գույնը։

Համախտանիշի պատճառը զարկերակների կծկանքով պայմանավորված արյան հոսքի նվազման գրոհներն են, որոնց պատճառը կարող են լինել  սթրեսը կամ ջերմաստիճանի տատանումները։ Համախտանիշը սովորաբար առողջական այլ խնդիրներ չի առաջացնում, սակայն կարող է կապվել ռևմատոիդ արթրիտի, Շեգրենի համախտանիշի կամ վահանաձև գեղձի խնդիրների հետ։ 

Կրունկի ցավ

Կրունկի ցավի առավել տարածված պատճառը պլանտար ֆասցիտն է, որն առաջանում է կրունկոսկրը ոտքի մատների հետ կապող ամուր հյուսվածքի` փակեղի (ֆասցիա) բորբոքման կամ ոսկրի կառուցվածքային փոփոխությունների պատճառով։

Ցավը կարող է շատ սուր լինել հատկապես արթնանալուց հետո առաջին քայլերն անելիս։ Կրունկի ցավի պատճառ կարող են լինել արթրիտը, մեծ ծանրաբեռնվածությունը, անհարմար կոշիկը կամ ջլի բորբոքումը։ Կրունկի ցավի հազվադեպ պատճառներն են ոսկրային շպորները, ոսկրի վարակները, կոտրվածքներն ու ուռուցքը։  

Քայլվածքի փոփոխություններ

Քայլվածքի փոփոխությունները, թաթը քարշ տալը կարող են լինել ծայրամասային նյարդերի վնասվածքների ու ոտքերի նորմալ զգայունակության կորստի նախանշանները։ Մոտավորապես 30 տոկոս դեպքերը կապված են դիաբետի հետ։ Նյարդի վնասումները կապվում են նաև վարակների, վիտամինային անբավարարության և ալկոհոլիզմի հետ։ Շատ դեպքերում դժվար է ախտորոշել, թե ինչն է առաջացրել նյարդի վնասումներ։ Քայլվածքի փոփոխությունների այլ պատճառները կարող են լինել գլխուղեղի, ողնուղեղի ու մկանների հետ կապված խնդիրները։ 

Այտուցված ոտքեր

Ոտքերի այտուցը սովորաբար ժամանակավոր անհարմարություն է, որի հիմքում երկարատև ոտքի վրա մնալն է, օդանավով թռիչքը, հղիությունը և այլն։ 

Սակայն ոտքերի այտուցը որոշ դեպքերում կարող է լուրջ հիվանդության մասին հուշել՝ արյան շրջանառության խանգարումներ, լիմֆատիկ համակարգի խնդիրներ, թրոմբ, երիկամների հիվանդություններ, վահանաձև գեղձի անբավարար ակտիվություն։ 

Ոտքերում այրոցի զգացում

Ոտքերում այրոցի զգացողությունը հաճախ է հանդիպում ծայրամասային նյարդերի վնասումներ ունեցող դիաբետիկների շրջանում։ Այդ վիճակը նաև առաջացնում է B վիտամինի անբավարարությունը, ոտնաթաթի մաշկի սնկային հիվանդությունը, երիկամների քրոնիկ հիվանդությունը, արյան վատ շրջանառությունը, հիպոթիրեոզը։

Ոտքի բութ մատի ցավ

Հոդատապը կամ պոդագրան ոտքի բութ մատի սուր ցավի պատճառ կարող է լինել, որն ուղեկցվում է կարմրությամբ և այտուցով։ Եվս մեկ մեղավոր է օստեոարթրիտը, ոսկրային խթանը՝ շպորը, մարզիկների շրջանում հաճախ հանդիպող հոդերի շրջակա կապանների վնասումը։  

Ցավ ոտքերի երկրորդ, երրորդ և չորրորդ մատների շրջանում

Մորտոնի նևրոման ներբանային նյարդի բարորակ նևրոմա է, որը թաթի շրջանից դեպի երկրորդ և երրորդ, երրորդ ու չորրորդ մատները ճառագայթող ցավ է առաջացնում, երբեմն սայրերի վրա քայլելու կամ կոշիկում քարի  զգացողություն, թաթի բարձիկի շրջանում ծակծկոց։ Կանանց շրջանում այս խնդիրը 8-10 անգամ ավելի շատ է հանդիպում և կարող է առաջանալ վնասվածքների, ոտքերի մատների վրա մեծ ճնշման արդյունքում։

Ոտքերի քոր

Ոտքերի քորը, թեփոտվող մաշկը կարող է հուշել միկոզի՝ սնկային հիվանդության մասին։ Ոտքերի քորի, կարմրության և չոր բծերի պատճառ կարող է լինել կոնտակտային դերմատիտը, որը սովորաբար քիմիական նյութերի, կոսմետիկ որոշ միջոցների նկատմամբ ռեակցիայի արդյունք է։ Փսորիազը նույնպես կարող է քոր, մաշկի տարբեր փոփոխություններ առաջացնել։  

Ոտքերի ջղակծկումներ

Թաթի շրջանում հանկարծակի կտրուկ ցավի, ցնցումների ու ջղակծկումների պատճառը կարող է լինել մկանային հոգնածությունը, արյան վատ շրջանառությունը, օրգանիզմում կալիում, մագնեզիում, կալցիում հանքանյութերի և վիտամին D-ի անբավարարությունը։

Ջղակծկումները կարող են առաջանալ նաև հղիության ընթացքում՝ հորմոնալ փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։ Մկանային ջղակծկումները, որոնք ուժեղ են ու հաճախակի, բժշկին դիմելու ցուցում են։ 

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես ախտորոշման հիմք։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31