Հոլիվուդյան կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը՝ փառատոնի առաքելության, հաջողությունների ու հայկականն առաջ մղելու մասին
Այս տարի լրանում է ARPA միջազգային կինոփառատոնի հիմնադրման 26-ամյակը: Փառատոնն առցանց անվճար կհեռարձակվի հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 12-ը:
Հոլիվուդի ARPA փառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով ARPA միջազգային կինոփառատոնի առաքելության մասին, ասաց, որ այն միտված է կինոյի միջոցով ստեղծվող մշակութային փոխըմբռնմանը եւ գլոբալ կարեկցանքին: Նրա խոսքով, փառատոնի շրջանակում ցուցադրվող տեղական եւ միջազգային ֆիլմեր արծարծում են այնպիսի կարեւորագույն թեմաներ, ինչպիսիք են պատերազմը, ցեղասպանությունը, սփյուռքը, ինքնությունը, բազմամշակութայնությունը: Նրա խոսքով, փառատոնը ֆիլմերի միջոցով սոցիալական ազդեցություն թողնելու դերակատարություն ունի:
ARPA միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես Հոլիվուդում/Լոս Անջելեսում հայկական ֆիլմերի առաջին փառատոն: Հիմնադրի խոսքով, այն տարիներ շարունակ մեծ էկրան է բարձրացրել տարբեր երկրներում ստեղծված հայ ռեժիսորների ֆիլմեր՝ ունենալով հիմնականում հայ հանդիսատես: Հետագայում սահմաններն ընդլայնվել են, եւ 1997 թվականից փառատոնի ծրագրում ներգրավված են նաեւ ոչ հայ ռեժիսորների՝ հայկական թեմաներով ֆիլմեր: Ըստ նրա, այդպիսով նաեւ լսարանն է դառնում միջազգային, եւ այլոց հայացքով ներկայացվում են հայկական մշակույթը, մեր երկիրը, մեր ներկան ու անցյալը:
ARPA միջազգային կինոփառատոնը ֆիլմեր է ստանում ավելի քան 20 երկրից, եւ բոլոր այն կինոարտադրողները, որոնք մասնակցում են ARPA-ին, բնականաբար հաղորդակից են լինում նաեւ հայկական ֆիլմերին ու տեղեկանում Հայաստանի մասին: Տիկին Սիլվիայի գնահատմամբ, հայ կինոգործիչները, ֆիլմարտադրողները բավականին առաջադիմել են, ինչի մասին փաստում են 25 տարիների ընթացքում կարճամետրաժ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմերին եւ երաժշտական տեսահոլովակներին շնորհած մրցանակները: Ինչ վերաբերում է ARPA-ին, այն հանդիսանում է Հոլիվուդի հնագույն, անկախ միջազգային կինոփառատոնը:
Սիլվիա Մինասյանից տեղեկացանք, որ այս տարի ARPA կինոփառատոնը եւս մեկ անգամ հասու կլինի առցանց՝ եւ բազմաթիվ մարդիկ անվճար դիտելու հնարավորություն կունենան փառատոնի կայքում www.arpafilmfestival.com տրամադրվող հղման միջոցով: Իսկ ծախսերը կհոգան ARPA կինոյի, երաժշտության եւ արվեստի հիմնադրամը (AFFMA) եւ իրենց հավատարիմ նվիրատուներն ու աջակիցները:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՔՈՎԻԴ-յան շրջանին, երբ փակ էին կինոթատրոններն ու համերգասրահները: Փառատոնի հիմնադիրն ասաց, որ այդ փուլում գործել են, ու տեսել, թե ինչքան մարդ է փառատոնը դիտում միջազգային մասշտաբով: Հավելեց, որ ունեցել են նաեւ հարց ու պատասխանի հնարավորություն, կինոֆորումներ: Որոշում են կայացրել նույն կերպ աշխատել նաեւ ՔՈՎԻԴ-ից հետո: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ամերիկացի ռազմական լրագրող Չակ Հոլթոնի՝ արցախյան թեմայով ֆիլմին: Սիլվիա Մինասյանն ասաց, որ նման նախագծերը ոգեւորում են իրենց եւ մղում առաջ:
Նա նաեւ հիշեցրեց, որ ֆիլմերի հայտեր կարող են ներկայացվել մինչեւ օգոստոսի վերջ, իսկ փառատոնի հետ կարող են կապվել [email protected] եւ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներով:
Զրույցի ավարտին տիկին Սիլվիան հավելեց, որ իր ցանկությունն է, որպեսզի Հոլիվուդի ARPA միջազգային կինոփառատոնը Հայաստանում այնքան լավ իմանան, որքան գիտեն «Ոսկե ծիրանի» մասին: «Մենք բազմաթիվ մղոններ ենք անցնում կինոարդյունաբերության հետ կինոարտադրողներին կապելու համար եւ դռներ ենք բացում այլ փառատոների մասնակցելու համար: Մենք ուզում ենք, որ աշխարհը ֆիլմերի միջոցով իմանա, թե ովքեր են հայերը, բացահայտի հայկական մշակույթն ու պատմությունը: Մենք կարիք ունենք մեր սեփականն աջակցելու ու աշխարհում առաջ մղելու: Ես հպարտ եմ, որ ARPA միջազգային կինոփառատոնը սիրված եւ հարգված է»,-ասաց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սիլվիա Մինասանը
Դրվագներ՝ ARPA փառատոնից
«Առավոտ» օրաթերթ
25.07.2023