Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքերը ծալած նստել-սպասելը լուծում չի

Հուլիս 26,2023 12:00

Պաշտոնական Երեւանն իր օրակարգը պետք է ունենա` Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով

Հայաստան-Արցախ-Ադրբեջան խնդիրների վերաբերյալ անցած օրերը հարուստ էին հայտարարություններով ու մեկնաբանություններով: Հայաստանից, Ադրբեջանից, Արեւմուտքից ու Ռուսաստանից ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են հնչում, ինչը վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում խորը եւ ինտենսիվ գործընթացներ են ծավալվում:

Ակտիվ հայտարարությունների ֆոնին ուշագրավ մի տեղեկություն տարածվեց: Այսպես, «Ազատություն» ռադիոկայանն անցյալ շաբաթ հայտնեց, որ վերջերս Ժնեւի միջազգային քննարկումների շրջանակներում շփվել են Տոյվո Կլաարը, ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած անանուն աղբյուրը, սակայն, մանրամասներ չէր հայտնել քննարկումների բովանդակությունից՝ արդյոք հայ – ադրբեջանական բանակցություններում ներգրավված Եվրամիության, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի դիվանագետները հենց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային ներգրավվածությունն են քննարկել։

Վերոնշյալ տեղեկությունը պետք է որ բավական մեծ աղմուկ առաջացներ, քանի որ, եթե իսկապես նման հանդիպում կայացել է, ապա այս լուրը կարելի էր նույնիսկ սենսացիոն համարել: Սակայն տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց. չկա հաստատող, կամ հերքող որեւէ հայտարարություն: Զարմանալի է նաեւ, որ այս սենսացիոն լուրը որեւէ արձագանք չգտավ մամուլում, չարժանացավ փորձագետների ուշադրությանը:

Իսկ հուլիսի 15-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից 2 օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը, անսպասելիորեն նշեց, թե Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության։ «Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության: Եզրակացությունները պետք է անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։

«Ազատության» հայտնած տեղեկությունը, ինչպես նաեւ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակի նշյալ հայտարարությունը որոշակի հույս կարելի էր համարել` Ռուսաստան-Արեւմուտք հնարավոր շփումների վերականգնման առումով: Եթե «սառույցը հալչի», ընդ որում` ցանկացած հարցով, թեկուզ հումանիտար, ապա դա կարելի է կարեւոր առաջընթաց համարել:

Բազմիցս առիթ է եղել նշելու, որ իդեալական տարբերակ կլիներ, եթե պաշտոնական Երեւանը ոչ միայն ժամանակ առ ժամանակ սահմանափակվեր արձանագրելով` «դե, ի՞նչ անենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը գոյություն չունի…», այլ հենց ինքը լիներ Արցախի, Հայաստան-Ադրբեջան խնդիրների համատեքստում Ռուսաստան-Արեւմուտք շփումների վերականգնմանը նպաստող կողմը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, կարծես, առավելապես օգտվում են Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունից, եւ արդեն երկու կողմերին են մեղադրում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համարժեք չգործելու մեջ:

Ի դեպ, անցյալ շաբաթ Մարիա Զախարովան անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու հարցում Ադրբեջանի հետ տարվող աշխատանքների թեմային, պատասխանել էր հարցին՝ արդյոք ռուսական կողմը հնարավորություն ունի՞ ազդելու Ադրբեջանի վրա՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ եւ արդյոք հնարավո՞ր է մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։ «Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հանրային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառույցի առանձին երկրներ այս հարցի լուծման զանազան տարբերակներ են մշակում», – ասել էր նա` չհստակեցնելով, թե ինչ տարբերակներ նկատի ունի, եւ որ կառույցներն են դրանք մշակում։

Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն իհարկե ակնհայտ է, գրեթե ամենօրյա ռեժիմով պաշտոնական Մոսկվան շարունակում է մեղադրել Արեւմուտքին Ուկրաինայում պատերազմի համատեքստում տարբեր թեմաներով: Սակայն պաշտոնական Երեւանը պետք է ունենա իր օրակարգը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման հարցում ձեռքերը ծալած չարժե նստել նույնիսկ այսօրվա իրողությունների պայմաններում: Արցախում ստեղծված իրավիճակը պետք է դառնա այդ ձեւաչափի վերականգնման համար լուրջ գործոն: Ակնհայտ է, որ դա Բաքվի ու Անկարայի համար կլինի ոչ ցանկալի սցենար, եւ նման փորձերը կարժանանային լուրջ դիմադրության, սակայն հայկական կողմը չպետք է մշտապես հարմարվի թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրած պայմաններին:

Նույնիսկ Ադրբեջանը դեմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը, հարկ է նշել, որ այլ հարցերով հարթակ է տրամադրել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին: Եվ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող Գլոբալ մեդիա ֆորումում, հիշեցրեց դրա մասին, նշելով, որ Բաքուն կարող է դառնալ մի վայր, որտեղ կարող են վերսկսել ռուս-ամերիկյան շփումները: «Մենք մրցակցության ասպարեզ չենք, մենք համագործակցության ասպարեզ ենք: Բազմիցս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարները, գլխավոր շտաբների պետերը հավաքվել են Բաքվում եւ քննարկել տարբեր հարցեր: Բաքուն կարող է դառնալ մի վայր, որտեղ կարող են վերսկսվել շփումները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- ասել էր նա:

Ալիեւի նշած հանդիպումները մի քանի անգամ կայացել են, իհարկե, ոչ Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախի խնդիրներով, սակայն Ալիեւի կողմից դրանց գովազդումը եւս մեկ անգամ հուշում է, որ պաշտոնական Երեւանն իր օրակարգը պետք է ունենա` Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31