Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պետնախարարը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 25,2023 23:45

Արցախի  պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հակադարձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արած հայտարարություններին։ Այսօր Փաշինյանը պատասխանելով արցախցիներից մեկի դիտարկմանը, թե Արցախում մարդիկ քաղցած են, իսկ վարչապետի կինը իր այգու բերքի նկարներն է հրապարակում, ասել է, որ ՀՀ-ն Արցախին 150 միլիարդ դրամի աջակցություն է տվել․ «150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք։ Առավոտից իրիկուն լայվ մտնելու փոխարեն՝ գնացեք բադրջան աճացրեք, որ մարդիկ բադրջանի սոված չմնան։ Ի՞նչ եք ուզում, ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը մատաղ անե՞նք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք, ուզում եք Հայաստանի պետությունը մատաղ անե՞ք»։

Գուրգեն Ներսիսյանն, ըստ էության, հակադարձելով Փաշինյանին, ասաց․ «2023 թվականին Արցախի շրջափակման ընթացքում Արցախի ժողովուրդը կազմակերպել է ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին։ Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի եւ մահվան գնով։ Մեր աշխատանքի արդյունքն է, որ  ապրելով լիակատար շրջափակման պայմաններում Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար։ Ցավոք, արդեն տեւական ժամանակ է՝ չունենք մեր  նվազագույն մթերքը բնակիչներին հասցնելու, բերքը հավաքելու, սովորական հացը քաղաքացուն հասանելի դարձնելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորություն։ Այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով։ Արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի։ Այո, ՀՀ-ն ժողովուրդն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար  երախտագիտություն ենք հայտնում, բայց այդ միջոցները շրջափակման ընթացքում օգտագործվել եւ հիմա էլ օգտագործվում են բացառապես Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին, 30 հազար երեխաներին եւ շրջափակման ընթացքում աշխատանքից եւ եկամտից զրկված մեր ավելի, քան 50 հազար քաղաքացիների ու ընտանիքների գոյությունը պահպանելու համար»։

Պետնախարարն ասաց, որ պատրաստ է մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել իր՝  պաշտոնը ստանձնելուց հետո ծախսված յուրաքանչյուր դրամի համար․ «Այս ամենը ներկայացնելուց հետո կրկին համոզմունք եմ ներկայացնում, որ  Արցախում ստեղծված իրավիճակն Արցախից դուրս կամ չի ընկալվում, կամ կան թյուրընկալումներ»։

Նա հայտարարեց, որ Հայաստանում ընթացող ցույցերը, հանրահավաքները  որեւէ տեղից չեն կառավարվում, դրանք այս օրհասական պահին հայ ժողովրդի այլընտրանքային դիրքորոշումը բարձրաձայնելուն եւ լսելի դարձնելուն ուղղված տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են։

«Մենք համոզված ենք, որ  ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն եւ որեւէ մեկին նման լիազորություն չի տվել, ու հարկ եղած դեպքում պատրաստ ու կարող է հայտարարել դա։ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող  է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որեւէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի խաղաղասեր ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ հակամարտության կարգավորման հարցում»,-ասաց Ներսիսյանը։

Նա դիմելով ՀՀ իշխանություններին՝ հայտարարեց՝

1.Արցախն  ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում

2.Անընդունելի է ՀՀ կողմից Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն

3.Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար եւ դրանք նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցանքներ կատարելուն

4․Տասնամյակներ առաջ ծրագրվող ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդն օգտվել է ինքնորոշվելու իր միջազգային իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ընդունված մոդելի պետական կառավարման համակարգ եւ ձեւավորել կայուն, ինքնակառավարվող, միջազգային իրավունքի սկզբունքների  ու նորմերի, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգման հիման վրա հիմնված հասարակարգ ու իրավակարգ, ուստի Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, քանի ոչ այն վաղուց կայացած քաղաքական միավոր է

5.Արցախի ժողովրդի ինքնապահպանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայն հայության կամարտահայտությունն է, եւ որեւէ մեկը, որեւէ իշխանություն Արցախի, Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու ընդունելու որոշում Արցախը հոշոտելուն պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31