Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին Aravot.am-ը փոխանցեց քաղաքացիներից մեկի բողոքը, որ Արցախում երեխաները սոված են, բայց վարչապետի կինը բամիայի ու բադրիջանի նկարներ է հրապարակում: Ճիշտ է, Փաշինյանն այսօր ասուլիսում անդրադարձել էր այդ հարցին ու ասել էր, թե բա մենք իրավունք չունե՞նք բադրիջան ու բամիա ուտենք, բադրիջան լինելու իրավունք չունի՞, Ղարաբաղում էլ թող բադրիջան աճեցնեն ու ուտեն, բայց մոռացել էր կարեւոր նրբություն: Նկատեցինք՝ կառավարական ամառանոցում չեն կրակում, Արցախում կրակում են, եւ հետո, ի սեր Աստծո, կերեք ինչ ուզում եք, հարցը նկարելու եւ ցույց տալու մեջ է, ի՞նչ ուղերձ է հղում վարչապետի կինը դրանով, դուք ընդհանրապես ապրումակցում ունե՞ք, թե՞ չունեք: Ի պատասխան՝ Փաշինյանը հորդորեց այդ դժգոհ քաղաքացուն հավատարմագրել հաջորդ ասուլիսին, թող գա, իր հարցերը տա, իսկ ապրումակցման մասին պատասխան չկար:
Մենք նաեւ փոխանցեցինք զոհվածի ծնողի հարցը՝ ուղղված վարչապետին՝ մեջբերելով Չարենցին, որն ասում էր.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Կարդացեք նաև
Ծանր կնստի քաղաքի վրա
Ինչպես ամպ մթին, կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած:
Հարցրեցինք՝ Չարենցը մարգարեաբար գիտեր ինչ է լինելու իր մահվան օրը, Դուք երբեւէ մտածե՞լ եք այդ հարցի շուրջ՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվելու, եթե մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի, Ձեզ ինչպե՞ս են հիշելու, ո՞վ է սգալու, բացի Ձեր ընտանիքի անդամներից եւ, ասենք, Հովիկ Աղազարյանից, Դուք ընդհանրապես մտածե՞լ եք այդ հարցի շուրջ, որ Ձեզ չհիշեն՝ որպես Հերոստրատ, այլ լինի համամարդկային սուգ, կամ գոնե համահայաստանյան սուգ:
Փաշինյանը պատասխանեց. «Աստված տա, Դուք էդ օրը տեսնեք եւ լուսաբանեք»: Մեր դիտարկմանը, որ կարեւոր է, թե ինչ է թողնում մարդն իրենից հետո՝ Փաշինյանն արձագանքեց. «Կթողնեմ՝ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ