«Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթների բովանդակության մեջ որեւէ տարբերություն չկա, Ալիեւն ասում է՝ ինչու է շրջափակման մեջ պահում մեր հայրենակիցներին, Փաշինյանն էլ հիմնավորում է Ալիեւին, ամբողջ ասուլիսը նվիրված է դրան»,- այսօր Ազատության հրապարակում, Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանի Ազատության հրապարակում համաժամանակյա հանրահավաքներ են՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:
«Ճիշտ է ասում՝ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը միջեւ հիմա վարչապետ է։ Ընդդիմությունը պատերազմից հետո արել է երեք փորձ, բայց վերջնական արդյունք չունենք։ Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, կան տարբեր շարժումներ, պետք է գտնենք ճանապարհը եւ ազատվենք այս չարիքի իշխանությունից»,- հեգնանքով հակադարձեց Իշխան Սաղաթելյանը լրագրողների այն դիտարկումներին, որ Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ, թե ընդդիմությունը մեղավոր է, որ չի կարողացել իրեն իշխանությունից հեռացնել, ճշմարտության հատիկ կա։
«Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը։ Դժբախտությունն այն չէ, որ երկու երկիր ցանկանում են ոչնչացնել մեզ, դժբախտությունն այն է, որ այդ թշնամական երկրներին միացել է նաեւ Հայաստանը»,- շարունակեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է դադարի ասել, որ Արցախում հումանիտար խնդիր է, պետք է ասի, որ սա քաղաքական հարց է եւ խոսի հասցեական։
Կարդացեք նաև
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հրաժարվել ինքնորոշումից եւ հույս ունենալ, որ անվտանգության երաշխիքներ կգործեն, դա դավաճանություն է, բայց այս մասին Հարությունյանը չի հայտարարել»,- նկատեց Իշխան Սաղաթելյանը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ