Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր դուք մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա այդ թվում հայկական օրակարգի մաս եւ քննարկման առարկա». Փաշինյանը՝ լրագրողին

Հուլիս 25,2023 23:13

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրեցին՝ մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ Իրանի, այսինքն, Հայաստանի հետ խնդիր չկա, կա՞ պայմանավորվածություն, որի մասին հանրությունը տեղյակ չէ: Նաեւ հարցրեցին՝ տարիներ շարունակ ՀՀ-ն եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, Ադրբեջանում շատ է խոսվում հնարավոր ռազմական գործողությունների մասին, պատրա՞ստ են արդյոք ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը:

Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ի խնդիրը Հայաստանի տարածքային անվտանգությունը ապահովելն է. «ԼՂ-ի անվտանգությունը ապահովելու համար կա պաշտպանության բանակ, բայց ես կարծում եմ որ պետք է դիվանագիտական օղակներն օգտագործվեն»: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի հարցով պայմանավորվածությանը, Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն իր դիրքորոշումները չի փոխել. «ՀՀ տարածքում որեւէ միջանցք չի կարող գործել»:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ այս պայմաններում, երբ տեսնում ենք, որ Հայաստանը պարբերաբար բանակցություններում զիջում է իր իրավունքները, հետ է քաշվում իր սահմանած կարմիր գծերից, ՀՀ քաղաքացիները ինչպե՞ս կարող են վստահություն ունենալ, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարեւաններ, որոնք իրավունքները կպաշտպանեն իրենց կողմից ընտրված միջազգային դիտորդներ եւ Ադրբեջանի Հանրապետություն՝ ՀՀ տարածքում: Փաշինյանը պատասխանեց, որ եթե մեր ԶԼՄ-ները ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան ՀՀ կառավարության, ի՞նչ վստահություն կարող են ունենալ. «Մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիներ կամավոր հեռացել են՝ այդ թվում իրենց բնակարանները վաճառելով, ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում ստանալով: Բայց մենք ունենք ուրիշ փաստեր, երբ Բաքվում, Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, հայերը Բաքվից, Սումգայիթից, այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, ստիպված են եղել իրենց կյանքը փրկել»:

Լրագրողը հիշեցրեց, որ «անջատում՝ հանուն փրկության սկզբունքը», Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այս ընթացքում դարձան ԼՂ բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովում՝ Ադրբեջանի կազմում, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախի դեօկուպացիան վերափոխվեցին Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հրատապությամբ, սահմանազատման հարցով բանակցություն սկսելու զորքերի հետքաշման պայմանն ի չիք դարձավ, իրավական հիմքով անկլավների հարցի չգոյությունից հասանք քաղաքական մակարդակում անկլավների գոյության ընդունմանը, Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործարկման անհրաժեշտությունը դարձավ Ադրբեջանի կողմից օրակարգ բերված աղդամյան հումանիտար միջանցք, էսկալացիայով չառաջնորդվելու տրամաբանությունը շարունակվեց անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զորքերը տեղակայեց ՀՀ սուվերեն տարածքի սահմանագծից ներս եւ այսպես շարունակ ու հիմա ՀՀ քաղաքացին այս իրողությունների պայմաններում ինչպե՞ս վստահություն ունենա, որ ադրբեջանական վտանգավոր օրակարգը չի դառնա հերթական բանակցությունների մաս եւ իրականություն: Ի պատասխան՝ Փաշինյանը նորից մեղադրեց լրագրողին՝ ադրբեջանական նարատիվը շրջանառելու մեջ՝ ասելով. «Այսօր դուք մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա այդ թվում հայկական օրակարգի մաս եւ քննարկման առարկա: Եթե այսպիսի տրամաբանությամբ գործենք, ոչ մեկ ոչ մի վստահություն չի կարող ունենալ»: Նա ասաց, որ իրենք կարող են ՀՀ արտաքին քաղաքականությունը վարել՝ ՀՀ շահերին համապատասխան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31