Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պետնախարար․ «Անընդհատ թիկունքից հարվածներ ենք ստանում, շարունակվում է իշխանատենչությունը, անձնական եւ քաղաքական շահախնդրությունը»

Հուլիս 25,2023 23:00

«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախում էթնիկ զտման քաղաքականություն, այսօր էլ անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը։ Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են եւ սկսվել է ոճրագործությունն իրագործման փուլը»,-այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ ավելի քան 7 ամիս է Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության եւ դրա սպառնալիքի, խոշտանգման․«Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի  առաջ, զրկում են այսօր եւ վաղը ապրելու, գոյատեւելու տարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելն է:

Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունն ու  Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկեն  Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որեւէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն  ու  ՀՀ-ի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան եւ խրախուսեցին Ադրբեջանին՝ դիմելու է՛լ ավելի կոշտ ու ծայրահեղ քայլերի։ Այդ ամենին զուգահեռ նսեմացնելով նույն միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբման, եւ այն արդեն իրականություն է»:

Պետնախարարը դիմելով արցախցիներին, ասաց՝ թեեւ ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայցեւ հասկանում եք, որ այս պայքարը երկար է տեւելու․ «Մեզ անհրաժեշտ է է՛լ ավելի ամրանալ, է՛լ ավելի համախմբվել, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Խոնարհվում եւ հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են ծեր ու մանուկ իրենց բաժին ծանրությունը կրում, ինչպես են որդեկորույս մայրերը թաքցնում արցունքներն ու հպարտ կեցվածքով ու հայացքով հայրենասիրություն ու նվիրում կրթում, երբ հանուն մեր արժանապատիվ գոյության զայրույթն ու ցավը ձեր մեջ խեղդելով ինչպես եք մի կերպ կերակրում ձեր երեխաներին, ինքներդ ձեր մտքերում անընդհատ կրկնելով՝ լավ է սոված ու մերկ լինել, քան ապրել անհայրենիք ու առանց արժանապատվության։

Հասկանում եմ նաեւ մեր եւ ձեր հիասթափությունն ու մտահոգությունը, երբ այդ ամենին  զուգահեռ՝ անընդհատ թիկունքից հարվածներ ենք ստանում, ամենատարբեր շրջանակներից փորձ է արվում նսեմացնել ձեր պայքարը, արժեզրկել այն։ Շարունակվում է իշխանատենչությունը, անձնական  եւ քաղաքական շահախնդրությունը։ Ցավում եմ, որ մեր շարքերում կան այդպիսինները։ Մենք պետք է սառնասրտորեն ընդունենք այս ամենը, համբերատար գտնվենք, գիտակցելով՝ կլինեն անհամբերներն ու անհավասարակշիռները։ Սիրելի՛ ժողովուրդ, հավատացեք, որ համաժողովրդական շարժումը կարողացել է սթափեցնել ու արթնացնել շատերին»։

Պետնախարարն ասաց՝ համաժողովրդական շարժումը  ապացուցեց, որ Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Երբե՛ք, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացարկելի նախապայմանն է»։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել համաժամանակյա հանրահավաք Երեւանում՝ Ազատության հրապարակում, Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31