Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշուկներ կան, որ եթե շրջափակումը վերացվի, որոշները կհեռանան Արցախից․ ուշքի եկեք, ո՞ւմ եք թողնում հայրենիքն այս դժվարին ժամանակ»․ Քաջիկ Հարությունյան

Հուլիս 25,2023 22:35

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանում Ազատության հրապարակում այսօր   համաժամանակյա հանրահավաք է ընթանում։

Ստեփանակերտում հանրահավաքում բավականին հուզական ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։

«30 տարվա փառահեղ ուղին մեզ նորից բերեց Վերածննդի հրապարակ, քանի որ վերջին շրջանում ամեն կերպ այն փորձեցին արժեզրկել  հայի արյունը, որն աշխարհի բոլոր գանձերից էլ թանկ է։ Մենք ոտքի ենք ելնում, որ մեր անմահ հերոսներին տված խոստումը պահենք, որ մեր ճակատագրին տեր կանգնենք, որ մեր ինքնորոշման համար մղվող պայքարը հողին չհավասարեցնենք։ Չէ՞ որ 88-ին մենք այստեղ մի կտոր հաց էինք իրար հետ կիսում, հավատում մեկս մյուսին, ոգեւորում էինք իրար, մեկ ընտանիք, մեկ ազգ»,-իր ելույթում ասաց Քաջիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ շշուկներ կան, որ եթե շրջափակումը վերացվի, ճանապարհները բացվեն, որոշ մարդիկ  կարող են հեռանալ Արցախից․«Նման կերպ մտածող մարդկանց ուզում եմ ասել՝ ուշքի եկե՛ք, հեռո՛ւ մնացեք այդ մտքից։ Ձեր այդ սխալ քայլը ճակատագրական կլինի մեզ համար։ Համոզված եմ, կփոշմանեք, բայց ուշ կլինի։ Լավագույն դեպքում , իհարկե, ոչ բոլորը, որպես փախստական կքնեք շենքերի մուտքերում, պուրակների նստարաններին կամ էլ փողոցներում մուրացկանություն կանեք, երազներում կտեսնեք Արցախը, ձեր հարազատների գերեզմանները, այս գեղեցիկ բնությունը։ Գլխներիդ վայ կտաք , բայց արդեն ուշ կլինի։ Ո՞ւմ եք թողնում հայրենիքն այս դժվարին ժամանակ, ո՞նց եք լքում ձեր պապերի շիրիմները, ի՞նչ երեսով պիտի հետ գաք, ո՞նց կնայեք Արցախին:  Այդ ով պիտի հաց արարի, ո՞վ պիտի թշնամուն դուրս շպրտի պապենական հողերից։ Կարծում եք, թե ձեր արյունը կարմի՞ր է մեր արյունից։ Երկրին պետք է նեցուկ կանգնել դժվար ժամանակ»։

Հարությունյանը կոչ արեց միասնական լինել, բռունցքվել ու իր խոսքով ասած՝ ցախավելով սրբել ու դուրս շպրտել այն չարն ու սատանայականը, որ բաժանեց մեզ մասերի․« Թողնենք բոլոր ներկուսակցական եւ քաղաքական տարաձայնությունները, միավորվենք, իրար թեւ- թիկունք լինենք, որպեսզի կարողանանք իրագործել մեր առջեւ դրված բարդ ու դժվարին խնդիրները»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31