Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում այսօր ցուցադրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տեսաուղերձը: Նա հայրապետական օրհնություն հղեց հանրահավաքի մասնակիցներին, արցախցիներին՝ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությամբ՝ իր բոլոր կառույցներով, նաեւ Սփյուռքը, արցախցիների հետ է: Իր գնահատմամբ, Արցախը իր պատմության ճակատագրական փուլում է եւ այս իրավիճակում առավել պետք է մեկտեղենք հայության ներուժը, մեր տեսլականը պայծառ պահենք:
Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանի Ազատության հրապարակում համաժամանակյա հանրահավաքներ են՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:
«Անցյալին Արցախը մեր եղած է, այսօր Արցախը մերն է եւ հավատացեք, որ Արցախը միշտ պիտի մնա Արցախի ժողովրդին, որովհետեւ մեր ժողովուրդն իր ամբողջ պատմության ընթացքին եղած է Արցախին մեջ եւ իր քրտինքը միախառնած է Արցախի հողին: Արցախի մեջ կգտնվին մեր ժողովրդի արժեքները, մեր սրբությունները»,- ասաց Արամ Ա-ն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իր պատմության ողջ ընթացքում Արցախը ինքնավար է եղել, Արցախի ժողովուրդը եկվոր չէ:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ