Ազատության հրապարակում հանրահավաքը բացեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Իր խոսքում նա ասաց, որ այսօր գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչը ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում. «Մի մեծ առեւտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփավորները՝ ախորժակները սրած, սպասում են իրենց պատառին: Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել՝ դրանից իրականությունը չի փոխվի: Ու ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում՝ ամեն ինչ գնալու է դեպի կործանում»:
Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանի Ազատության հրապարակում համաժամանակյա հանրահավաքներ են՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:
«Արցախը ենթակա չէ վաճառքի, Արցախը աստվածապարգեւ Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է, Արցախը սրբություն է, Արցախը հող է, Արցախը պատմություն է եւ ժողովուրդ է: Այսօր կանգնել Արցախի կողքին՝ կնշանակի կանգնել մեր խղճի եւ արդարության կողքին, կանգնել Արցախի կողքին՝ կնշանակի հավատարիմ մնալ Աստծո պատգամներին»,- հայտարարեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ հավելելով, որ մեր երկաթյա շերեփը եղբայրասիրությունն ու հայրենասիրությունն են դառնալու: Հանրահավաքի մասնակիցները դրան ծափերով եւ «Միացում» վանկարկումներով արձագանքեցին:
Կարդացեք նաև
Արցախի թեմի առաջնորդը այսօր, մեր բոլոր մեղքերից ավելին է համարում անտարբերության 8-րդ՝ մահացու մեղքը եւ նկատում, որ եթե կրավորական եւ անտարբեր կեցվածքով ենք վերաբերվում տեղի ունեցողին, նշանակում է մեղսակից ենք դառնում Արցախը վաճառողներին: Նա տարակուսեց՝ մի՞թե անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի կամ տրանսպորտի վարձավճարները 50 դրամով թանկացնել, որպեսզի հարյուր հազարավոր հայեր փողոց դուրս գան եւ արդարություն պահանջեն, մի՞թե հայի գրպանին դիպչելն ավելի ծանր հանցանք է, քան հազարամյա հայրենիքը մաս-մաս վերացնելը. մի՞թե սա է հայը:
Նա հայտարարեց, որ արցախյան շարժումը չի ավարտվել եւ այն ավարտին հասցնելու համար մենք պետք է բռունցքվենք եւ եթե կորցնենք Արցախը՝ կկորցնենք մեր ինքնությունն ու արժանապատվությունը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախցիներին փոխանցեց Վեհափառի հայրապետական օրհնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ