Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է. Արցախի ԱԳՆ

Հուլիս 25,2023 20:45

Հայտարարություն քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը:

Կրկին շեշտում ենք, որ  պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով,  տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:

Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում  միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին ցանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար  մեղավորներին կանգնեցնելով  ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:

Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:

Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական ​​և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի  ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի  ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:

Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից:

 

Արցախի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31