Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կարող եք 20 րոպեում Ալիեւին սարքել կուռկուռի ձագ». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիս 25,2023 19:55

«Միակ հարցը, որ այսօր պիտի հնչեր՝ Նիկոլ Փաշինյան, ե՞րբ ես տալու հրաժարական: Մնացած բոլոր հարցերը, եթե անգամ բովանդակային առումով դրանք իրենց մեջ որոշակի կոդեր, ուղերձներ էին պարունակում, անիմաստ են: Մի քանի ժամ լսում եք այդ մարդուն, մի քանի ժամ նա ֆռռացնում է բոլորիդ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին կարծիք հայտնեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա գնահատմամբ, «հեղափոխության մրրկահավի» ասուլիսը այսօր ավելի քիչ դիտողականություն է ունեցել, քանց որեւէ «ճ կլասի» գործչի:

Ասուլիսի բովանդակային մասին էլ անդրադառնալով, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ Ադրբեջանի հետ պատրաստվում է ստորագրել խաղաղության պայմանագիր եւ երկու անգամ հայտարարեց, որ ինքն Արցախի հարցում որոշում կայացնելու իրավունք չունի: «Բա որ Արցախի հարցը քեզ չի վերաբերվում, Արցախի լինելիությունը, հետագա կարգավիճակը, 120 հազար արցախցիների ճակատագիրը քեզ չի վերաբերվում, ցույց տուր այն իրավական, սահմանադրական հիմքերը, որոնք վերաբերելի են քեզ եւ որի վրա հիմնավելով՝ դու իրավունք ունես որոշել արցախցիների ճակատագիրը՝ չունենալով արցախցիների քվեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե արցախցիներն իրապես սոված լինեին, չէին մերժի Ակնայով Ստեփանակերտ սնունդ տեղափոխելու Ադրբեջանի առաջարկը, ու իր կարծիքի վերահաստատմանը, թե այդ հարցն իրեն չի վերաբերվում, Նաիրա Զոհրաբյանը կրկին հարցնում է՝ «եթե այդ ամբողջը քեզ չի վերաբերվում, ինչո՞ւ ես որոշում կայացրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»:

Ի հակադարձումն Նիկոլ Փաշինյանի այն պնդումների էլ, որ «նախկիններն էին Արցախը հանձնել ու գցել իր՝ խեղճի գրպանը», հիշեցնում է հուլիսի 21-ին, Շուշիում, մեդիա-ֆորումի ժամանակ արած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախկին իշխանություններից ոչ մեկը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում եւ նախկինում, երբ հարցը գալիս էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, միջազգային հանրությունը առաջ էր բերում արցախցիների ինքնորոշման հարցը. «Դա ես չեմ ասել, դա Սերժ Սարգսյանը չի ասել, նախկինները չեն ասել, դա ասել է քո կիրթ Ալիեւը՝ Նիկոլ Փաշինյան, դրանով իսկ հաստատելով, որ նախկինների բանակցած փաթեթը ուներ միջազգային երաշխավորված մանդատ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երաշխավորված մանդատ եւ ճանաչում էր ԼՂՀ ժողովրդին ինքնորոշման իրավունքը»:

Նա հիշեցնում է նաեւ 2016 թվականի հոկտեմբերին, Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ միջազգային հանրությունը, փակ դռների ետեւում իրեն ստիպում է ճանաչել ԼՂՀ անկախությունը ու հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մինչեւ 2020 թվականի պատերազմը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ մասնավոր զրույցում ասել է, որ Ալիեւը հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլեւս չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Զանգեզուրի միջանցքի» խնդիր մասին խոսելով էլ, բանախոսը տարակուսեց՝ «Ալիեւն այդքան ապո՞ւշ է, որ չի լինելու Զանգեզուրի միջանցք եւ իրենք այնտեղ ինֆրաստրուկտուրաներում հսկայական ներդրումներ են արել եւ աշխատանքների 70 տոկոսն ավարտված է: Մեծ Բրիտանիան այդքան ապուշ պետությո՞ւն է, որ այլեւս միջազգային մրցույթներ է հայտարարել Զանգեզուրի միջանցքում»: Նա վստահ է, որ «Զանգեզուրի միջանցքը» Նիկոլ Փաշինյանն իր ընտրազանգվածին մատուցելու է, իբրեւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում:

Հիշեցնենք, երեկ չինական լրատվամիջոցին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական մասի աշխատանքները 70 տոկոսով կատարված են:

«Մեզ քո գնդակահարվելը պետք չի: Ինչպես Արմեն Աշոտյանն էր ասում՝ Նիկոլ, դու մեզ պետք ես ողջ-առողջ, որովհետեւ դու դեռ պիտի կանգնես հայկական Նյուրնբերգի առջեւ»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Նաիրա Զոհրաբյանը:

Ստեղծված իրավիճակում, Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է Սփյուռքի պասիվ վիճակը. «Մի հատ հայ-թուրքական արձանագրություն էին քննարկում, ամբողջ Սփյուռքը յաչեյկաները վերցրած ոտքի էր կանգնել. ո՞ւր եք, 120 հազար մարդ սովի է մատնված: Ստեփանակերտի հիվանդանոցի տնօրենը հստակ վիճակագրություն ներկայացրեց՝ 30-40 տոկոսով մեծացել է վիժումների թիվը, հղիները վիժում են թերսնուցման պատճառով, երեխաներ են մահանում՝ թերսնուցման պատճառով. աշխարհի որեւէ երկրում այսպիսի բան լիներ, բոլոր երկրների դեսպանները իրենց մարմնամասերը պատռել էին, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցները Արցախի մայկաներով ցույցեր էին արել եւ պահանջել էին Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառել՝ Լաչինի միջանցքը բացելու. չգիտե՞ք սանկցիաները ոնց են կիրառվում: Նավալնիի ֆենը խառնվում է, ՌԴ-ի հանդեպ տասնյակ սանկցիաներ են կիրառվում, էդ չե՞ք կարող խզել, սառեցնել Ադրբեջանի նավթային պայմանագրերը, Ալիեւի կլանի միլիարդավոր օֆշորային հաշիվները փակել: Իհարկե, կարող եք, բայց չեք անում, որովհետեւ ձեր հայտարարությունները դիվանագիտական աղբ են, որով փորձում եք այս տարածաշրջանում աչոկ հավաքել, որովհետեւ ձեր գերնպատակը այս տարածաշրջանից ՌԴ-ին դուրս շպրտելն է եւ թքած, թե 120 հազար մարդ սովից կմեռնի, թե Ադրբեջանը նրանց կցեղասպանի: Արեւմուտքին, ԵՄ-ին, ինչպես նաեւ այլեւս ՌԴ-ին բնավ չի հետաքրքրում թե ինչ կլինի Արցախի հետ, նրանց հետաքրքրում է միայն իրենց աշխարհաքաղաքական շահերը»:

Միջազգային կառույցների գրասենյակների մոտ ցույցերն էլ նա համարում է հուսահատ քայլ եւ արդյունք նրա, որ չունենք Հայաստանի շահերը սպասարկող իշխանություն:

Այս իրավիճակում, նրա գնահատմամբ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին, նոր իրողություն է ստեղծում: Սերժ Սարգսյանի կողմից դաշտ բերած այս նոր օրակարգը, իր գնահատմամբ, պետք է որ նոր թափ հաղորդի իրադարձություններին. «Դուք կարող եք 20 րոպեում Ալիեւին սարքել կուռկուռի ձագ, բայց դուք չեք անում, որովհետեւ ձեր օրակարգը Արցախը չէ, ձեր օրակարգը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս շպրտելն է, եթե անգամ դրա գինը լինի 120 հազար մարդու ցեղասպանություն: Դուք՝ միջազգային հանրություն, ՌԴ-ն էլ հետը, պատասխան եք տալու, իբրեւ ռազմական հանցագործ, 120 հազար մարդու ցեղասպանության մատնելու համար»:

Այս ողբերգությունը կասեցնել է պետք եւ դրա միակ ճանապարհը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31