Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել

Հուլիս 25,2023 19:44

Հուլիսի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները։

«Ներքին գործերի նախարարության կազմավորման փուլում մեզ համար հստակ էր մի բան։ Անկախ նրանից մենք խոսում ենք ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե մեր մյուս ստորաբաժանումների մասին, նախարարության համար հստակ պետք է լինի հետևյալը։ Պետք է հստակ տարանջատվի քաղաքականության մշակման ֆունկցիան և քաղաքականության իրականացման ֆունկցիան, որպեսզի յուրաքանչյուր կառույց ունենա հստակ իր ֆունկցիոնալ բազան և, ըստ այդմ, հիբրիդային որևէ իրավիճակ այս տեսանկյունից չունենանք»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Իր ելույթում ՆԳ փոխնախարարը հանգամանալից անդրադառնալով նաև ոլորտում կառուցվածքային փոփոխություններին ու քաղաքականության մշակմանը՝ նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխությունները երաշխավորում են միգրացիոն ամբողջ ցիկլի կարգավորումը մեկ միասնական ծառայության կողմից։

«Կարևոր եմ համարում նաև այն, որ, բացի ընդհանուր քաղաքականությունից, միգրացիոն կառավարման ցուցանիշները մեզ օգնելու են իմպլեմենտացնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից 10-րդի 7-րդ ենթակետը, որը հենց միտված է անվտանգ, ապահով և կանոնակարգված միգրացիոն պրոցեսների ապահովմանը թե՛ պրակտիկ, և թե՛ քաղաքականության մշակման դաշտում։

Վստահեցնում եմ, որ թե՛ այսօրվա քննարկման արդյունքները, և թե՛ հետագա մեր քննարկումները կօգնեն նախարարությանը ճիշտ քաղաքականություն որդեգրելու, ավելի թիրախավորված քաղաքականություն վարելու և, ըստ այդմ, նաև ճիշտ ինդիկատորներ մշակելու, որոնք թույլ կտան ինքներս մեզ գնահատել մեր մշակած քաղաքականությունը և հասկանալ մեր հետագա լավարկումները»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, կարևորելով համագործակցությունը, նշել է տարբեր միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարումը։ Նա այդ ուղղությամբ բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը, որի ենթակայությամբ գործում է Միգրացիայի և քաղաքացիության նորաստեղծ ծառայությունը։

Թեմատիկ նիստերի ընթացքում ՄԱԿ-ի համաշխարհային միգրացիայի տվյալների վերլուծական կենտրոնի ներկայացուցիչն ու միգրացիայի կառավարման ցուցանիշների մասնագետը ներկայացրել են միգրացիայի կառավարման ցուցիչները, Միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագիրը, Հայաստանում միգրացիայի կառավարման ցիկլը, տվյալների հավաքագրման արդյունքները։

Աշխատաժողովի ավարտին եզրափակիչ ելույթի ընթացքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ միգրացիայի կառավարման ցուցիչները միգրացիոն քաղաքականությունների իրականացման, մոնիթորինգի ու գնահատման կարևոր չափման գործիքներ են: «Մենք ենք նախաձեռնել, որ մեր երկրում ևս այս գործիքը կիրառվի՝ որպես հնարավորություն հետագայում բարելավելու քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները»,-ասաց նա:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը: Ամփոփվեց աշխատաժողովն ու ներկայացվեցին ձեռնարկվելիք քայլերը։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31