Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան․ «Երբ Արցախում այսօր 120 հազար մարդ սովահար է լինում, ՀՀ նախագահը հանդիպել է պարենի գրասենյակի տնօրենին եւ խոսել խաղողի մթերումից»

Հուլիս 25,2023 19:22

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, որը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ «Հանուն շրջափակված Արցախի» հասարակական նախաձեռնության նախաձեռնողներից է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․«Թույլ տվեք խոսել որպես քաղաքական վերլուծաբան, որը հասկանում է այս ամենից, զուգահեռ տանել Ուկրաինայի հետ։ Նույնիսկ Ուկրաինայում, որտեղի պատերազմն ամբողջությամբ Արեւմտյան պատերազմ է ու դուք գիտեք, թե ինչքան ֆինանսական օգնություն է հատկացվում․ դրանով հանդերձ, ուկրաինացիները անընդհատ  բողոքում են միջազգային բյուրոկրատիայի դանդաղ ընթացքից։ Եվ դա այն պարագայում, երբ Ուկրաինայի իշխանությունները թակում են բոլոր դռները, անընդհատ խոսում են, պահում  ՆԱՏՕ-ի, Եվրամիության նարատիվը։ Ու էլի շատ դանդաղ է ընթանում միջազգային կազմակերպությունների դռները բացելու պրոցեսը։ Մեր պարագայում որպեսզի դա արագ աշխատի, հո միայն հասարակական նախաձեռնություննե՞րը չպիտի թակեն այդ դռները։

Երեկ ՀՀ նախագահը հանդիպել է Պարենի գրասենյակի տնօրենի հետ։ Ու խոսել են խաղողի մթերումից։ Պետական մտածողություն ունեցող մարդը ո՞նց կարող է այդպիսի ահագնացող վտանգի դեպքում, իմանալով, որ 120 հազար մարդ, գուցե, ավելի, սովահար է լինում ու դրա համար ակցիաներ են կազմակերպվում, խոսել առօրյա, օրակարգային հարցերից։ Այսինքն, ինչպես օրակարգը սահմանված է եղել մի տարի առաջ, այդպես էլ խոսում են, ասես, ոչ մի փոփոխություն չկա, արտառոց դեպքի արձանագրում չկա։ Այդ դեպքում մենք ո՞նց կարող են միանշանակ մեղադրել միջազգային կառույցներին, երբ մեր պետության կողմից պետք է ամեն վայրկյան այդ դռները բախվեն։

Հիմա ազգովի բոլորս պետք է փորձենք եփել այն պրոդուկտը, որի համար մենք սովահարների պես կոմպոնենտներ չունենք։ Չունենք պետական մակարդակով պատասխանատվություն, շահագրգռվածություն, չունենք լսելիություն միջազգային մակարդակով։ Այս բոլոր կոմպոնենտներով են, չէ՞, եփվում ազգի սուվերենությունը եւ Արցախի կարգավիճակը։ Այս կոմպոնենտները մենք չունենք, բայց ունենք մարդկային կամք։ Իսկ դա խոշոր կռվան է»։

Տիկին Սեդրակնաը նաեւ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը չպետք է հույս փայփայի, թե այս նախաձեռնության թափը կմարի։ «Թող հույս չունենան։ Մենք չենք գնալու։ Այնպես չի, որ մենք այստեղ մի շաբաթ, տասն օր կնստենք։ Իրենց հույսը դա է, թերեւս։ Իմ մտավախությունն էլ մի պահ այն էր, որ մարդիկ կհոգնեն։ Բայց չէ, մարդիկ չեն հոգնում։ Հացադուլի հերթի ցուցակը մինչեւ մյուս շաբաթ գրված է։ Մարդիկ գալիս, ցուցակագրվում են։ Թող ծիծաղելի կամ տարօրինակ չթվա, անգամ հերթն առաջ տալու համար ծանոթ են մեջ գցում։ Սա ցույց է տալիս, որ մեր ազգային բոլոր վատ գծերը ճիշտ փաթեթավորելու, կազմակերպելու պարագայում դառնում են ազգային առաքինություն»,-ասաց տիկին Սեդրակյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31