Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»․ Մետաքսե Հակոբյանի հարցը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 25,2023 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողի միջոցով հարց ուղղեց Փաշինյանին։ «2018 թվականի իշխանափոխության եւ ձեր վարած քաղաքականության հետեւանքով ահասարսուռ պատերազմ ստացանք, նահատակվեցին հազարավոր հերոսներ, տասնյակ հազարավոր կյանքեր ու ճակատագրեր խեղվեցին, հանձնվեց մեր հայրենիքի մեծ մասը։ Եվ հետո խրոխտ հայտարարեցիք, որ այլեւս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չեք։ Դուք նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չեք։

Միաժամանակ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով, որ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս։ Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Որտեղի՞ց ձեզ իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը դեռեւս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել, համարել Ադրբեջանի մաս։ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման։ Եվ այս ամենը բերել հասցրել եք ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ՝ օգտագործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Ես առաջարկ ունեմ ձեզ՝ օգտվել այդ ճանապարհից ու այդ հումանիտար բեռներից եւ այն տեղափոխեք ձեր եւ ձեր թիմի այն անդամների խոհանոցներ, ովքեր կիսում են ձեր այս բոլոր տեսակետները»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ով օժտված է լիազորություններով, արգելում է Նիկոլ Փաշինյանին այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձ անել կասկածի տակ դնել արցախցիների ինքնորոշման իրավունքը։ «Ով է ձեզ տվել իրավունք, առաջարկում եմ ասել իրավունք տվողների անունը, որ դուք կարող եք Արցախը որպես մանրադրամ օգտագործել։ Եվ, ի վերջո, ձեր այդ քայլերի արդյունքում ինչ է շահել կամ շահելու Հայաստանի Հանրապետությունը»

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Մետաքսե Հակոբյանի հարցին։ «Տարբեր դրվագներով՝ սկսած խոհանոցից մինչեւ ինքնորոշման իրավունք, արդեն բազմիցս պատասխանել եմ, ավելացնելու բան չեմ տեսնում։ Եվ ես էլի ասում եմ, որ համաձայն եմ՝ ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը պետք է չորոշեմ, եւ ԼՂ ժողովրդի հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31