Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա՞, հա՞…Էդ ի՞նչ է ցուցադրվել, ասենք՝ սեւ խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել». Փաշինյանի սուր արձագանքը

Հուլիս 25,2023 17:53

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին շարքային մի արցախցու հարց՝ ձայնագրությամբ, որտեղ արցախցի կինը մասնավորապես ասում էր. «Եթե ձեզ թվում է, որ ձեր աղջկա հետ կարողանում եք գնալ Ռուսաստան ու դա ցույց տաք մեզ, մեր երեխաները դրանից վատ են զգալու՝ ոչ մի դեպքում, դա ուղղակի ծիծաղալու է, իսկ ես գիտեմ, որ դա միտումնավոր եք անում: Կամ ձեր կինը, որ ձեր ուտելիքն է դնում ի ցույց, ու չգիտեմ ինչ է ուզում դրանով ասած լինել: Այո, այսօր Արցախում հացի խնդիր կա, երեխաները ժամերով հերթ են կանգնում հացի, ձեր կնոջ նկարած բերք ու բարիքն այստեղ չկա, բայց մենք գիտենք՝ հանուն ինչի ենք Արցախում, մեր հողի համար պայքարում ենք ու գիտեք նաեւ՝ ով է մեզ հասցրել էս օրի: Մենք ձեզ չենք տվել այդ լիազորությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Երբ որ իմ կինը Ստեփանակերտում էր, այդ օրերին շատ քիչ ոչ միայն կին, այլ նաեւ տղամարդ կար այնտեղ: Կինը ուտելիք է ցույց տվել… եկեք գնանք հետ՝ ի՞նչ ուտելիք է ցույց տվել՝ լոլիկ, բամիա, սմբուկ՝ մեր բակում աճած: Հիմա ինչ-որ մեկն ուզում է ասի, որ հուլիս ամսին Ղարաբաղում պոմիդոր, բադրջան, բամիա չկա՞: Իսկ ինչի՞ չկա, կներեք: Էդ բամիան, որ աճել է, դրա վրա ոչ բենզին ենք ծախսել, ոչ սալյարկա: Էսօր ցանկացած բակում ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի: Ինչի՞ պետք է չլինի: ՀՀ կառավարությունը բավարար միջոցներ է տվել, որ գյուղատնտեսությունը զարգանա, թոշակները, նպաստները ԼՂ-ում վճարվեն, ԼՂ կառավարությունը ջանքեր է գործադրել, որ հողերը մշակվեն: Էդ ի՞նչ է ցուցադրվել, ասենք՝ սեւ խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել: Կներեք, ես որեւէ կերպ չեմ ընդունում ու համաձայն չեմ այդ շեշտադրումների հետ: Երբ որ իմ կինը Ղարաբաղում էր եւ նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելու գործով էր զբաղվում, էդ ժամանակ շատ չէր Ստեփանակերտում կանանց եւ տղամարդկանց թիվը: Էս ի՞նչ պատվերով քարոզչություն է, մենք Ղարաբաղի համար որեւէ բան խնայե՞լ ենք: Նույն այդ բարբառով բազմաթիվ ղարաբաղցիներ պատերազմի օրերին Երեւանի սրճարաններում էին: Նույն տրամաբանությամբ էսօր Հայաստանում էլ կարան ասեն՝ մենք գիտենք ով է մեզ էս օրի գցել»:

Փաշինյանը սկսեց մեղադրել ԶԼՄ-ներին, թե այդ ձայնագրությունները հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ սերտ առնչություն ունեցող ԶԼՄ-ների ու լրագրողների մոտ, ո՞վ է ֆինանսավորում. «Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս: Այսինքն, ձեր կանխավարկածն այն է, որ մեր տանը բադրջան եփվելու իրավունք չկա՞, հա՞: Ձեր կանխավարկածն այն է, որ Հայաստանում մենք եւ բոլոր մարդիկ պիտի բադրջան չունենան, հա՞, բամիա չունենա՞ն: Կամ Երեւանում պիտի տրանսպորտ չլինի ու մարդիկ չկարողանա՞ն տեղ գնալ: Սրա տակ Հայաստանի ընտրված ղեկավարի հասցեին նման մեղադրանքներ ուղղելով ո՞ւմ հասցեին է անուղղակի մեղադրանք ուղղվում, ի՞նչ է խնայել ժողովուրդը Ղարաբաղի համար, էս մուննաթը ինչի՞ համար է»:

Նա սկսեց հունից դուրս գալ. «Ասում են՝ տներ եք ձեռք բերել, բայց ով տնից խոսա, ձեր ԶԼՄ-ն հովանավորողը թող տանձից ու խնձորից խոսա․․․Դուք ձեր գույքի մասին մտածեք, որ 80 մլն դոլարի գույք ապօրինի ծագման գույքի բռնագանձման պրոցեսի մեջ է, ուզում եք հավասարության նշա՞ն դնեք, թե՞ հրապարակենք Ղարաբաղի պաշտոնյաների ցանկը, թե Երեւանում ով ինչքան տուն ունի, էս ի՞նչ թել եք թելում»:

Դահլիճից լրագրողները բղավեցին՝ հաստատ ոչ ադրբեջանաթուրքական, Փաշինյանը հակադարձեց՝ հաստա՞տ. «Ղարաբաղի հերոսին, ով մեզ մեղադրում էր դավաճանության մեջ, հիմա պարզվում է՝ 2016 թվից պահած պապիրոս է ծախում Ղարաբաղում, կամ Ղարաբաղի բյուջեից էլ է մեր տված փողերը վերցրել, որ տրանսֆորմատոր սարքի, հետո փողերը գրպանի»:

Լրագրողներն ասացին, որ չի պարզվել դա, չկա դատարանի որոշում: Փաշինյանը վիճեց. «Ինչ ասում եք դուք, դատարանի որոշում կա՞, որոշե՞լ եք, որ մենք ճոխություններով ենք ապրում: Ինչի՞ Ղարաբաղի մեր հարգելի քաղաքացիները չեն ասում՝ պահանջում ենք հրապարակել, թե Ղարաբաղից ով ինչ սեփականություն ունի Երեւանում, հաջորդ անգամ այդպիսի մարդ գտեք»:

Փաշինյանին հանգիստ չէր տալիս բադրջանի ու բամիայի թեման, լրագրողներն արդեն ուրիշ հարց էին հնչեցնում, նա դեռ այդ թեմային էր անդրադառնում. «Բա որ ԼՂ-ում բադրջան չկա, ԼՂ մի շարք պաշտոնյաներ կառավարության՝ պետնախարար եւ նախարարներ բա ՀՀ-ի տված հարյուր միլիոնավոր դրամները ո՞նց են օգտագործել: Հասկանում ենք, բենզին ներմուծելու խնդիր կա, 150 մլրդ-ը ո՞նց են օգտագործել, որ պարզվում է ամբողջ Ղարաբաղը տեսավ՝ վարչապետի կինը աջաբսանդալի նկար է դրել, ասեց բա մենք ըտենց բախտի չարժանանայի՞նք: Ոմանք ուրեմն թող գնային բախչեն վարեին, բադրջան ցանեին, թե՞ էդ էլ պիտի Արարատյան դաշտավայրում վարեն,ցանեն, աճեցնեն, ղրկեն: Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես: Մեկը Շուշիի հերոս ա, մեկը Ավարայրի ճակատամարտի հերոս ա, ում ասում ես՝ հերոս ա, հետո արդեն ադրբեջանցիքի հետ 50-50 գործ էին անում, էդ մենք դավաճանն էինք, իրենք հերո՞ս․․․ Հերիք եղավ, բոլ եղավ: Էդ, որ Լաչինի միջանցքի երթուղին առանց ՀՀ-ի հետ համաձայնեցնելու՝ գնում փոխում, պայմանավորվում էին, Հայաստանի իշխանություններին դնում փաստի առաջ, բա էդ ժամանակ դավաճա՞ն էինք, չէին հիշու՞մ: Բադրջան չունեն մարդիկ: Առավոտից իրիկուն լայվ մտնելու փոխարեն՝ գնացեք բադրջան աճեցրեք, որ մարդիկ բադրջանի սոված չմնան: Ի՞նչ եք ուզում, Հայաստանի ինքնիշխանությունը մատա՞ղ անեք: Ու՞մ առաջ եք ուզում մատաղ անեք: Չեք կարող, բացառված բան է: Ասում է՝ աղջկադ Մոսկվա ես տանում, է շնչում-արտաշնչում էլ են երեխեքը»»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31