Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ:
Ողջունելով նախագահին քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ հաճույք է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: Հայաստանը բարեկամ երկիր է և Ձեր այցը լավ առիթ կարող է դառնալ մեր համագործակցության հետագա խորացման համար»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հռոմում և հանդիպել Ձեզ հետ, ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Տեղական իշխանությունների նկատմամբ և շատ լավ եմ հասկանում Ձեր աշխատանքի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Համոզված եմ նաև, որ պարոն քաղաքապետի համար մեծ պատիվ է Հռոմի նման քաղաքի ղեկավար լինելը, Դուք մեծ և պատասխանատու առաքելություն ունենք՝ պահել, պաշտպանել ու սերունդներին փոխանցել Հռոմի շունչն ու ոգին»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր է ծանոթանալ պատմամշակութային ժառանգության և հնագիտական արժեքների պահպանության ու վերականգնման իտալական փորձառության և լավագույն ավանդույթների հետ, որի շրջանակում փոխգործակցության լայն հնարավորություններ կան:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երևանում և Հռոմում փոխադարձ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների անցկացման հնարավորության և այդ ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ:
ՀՀ Նախագահի աշխատակազմ