Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի շնորհավորանքը՝ Աշոտյանին, Սպարտակի թվի անեկդոտն ու քաղբանտարկյալները

Հուլիս 25,2023 16:35

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը արդեն կալանավորված է շուրջ մեկուկես տարի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ շուրջ 2 տարի, Միքայել Արզումանյանը՝ շուրջ մեկ տարի, Գրիգորի Խաչատուրովը՝ 5 ամիս, Արմեն Աշոտյանն էլ այս պահին կալանավորված է, այսօր ի դեպ նրա ծննդյան օրն է, կարող եք շնորհավորել: Փաշինյանը շնորհավորեց բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն այսօր է: Լրագրողի հարցը հետեւյալն էր՝ նրանց մեղքն ապացուցված չէ, բայց նրանց նկատմամբ կիրառվում է կալանք՝ երկար ժամկետով, իսկ կալանքը Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հատկապես կիրառվում է որպես պատժի միջոց, ըստ իրավաբանների, երկրի իշխանությո՞ւնն է որոշում, կառավարությո՞ւնն է որոշում՝ ով նստի եւ ով չնստի:

Ի պատասխան՝ Փաշինյանը նախ անեկդոտ պատմեց. «Մեկը մեկին հարցնում է՝ ի՞նչ է անունդ, ասում է՝ Սպարտակ, ասում է՝ խի դու ո՞ր թվից ես: Հիմա դուք ո՞ր թվի մասին եք պատմում: Դա լրիվ Սպարտակի պատմությունն է, դուք լրիվ Սպարտակի թվի պատմությունն եք պատմում»:

Լրագրողը հակադարձեց՝ Աշոտյանը Սպարտակի թվի՞ն է կալանավորվել՝ նա պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր կալանավորվել են, Սպարտակի թվի հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ կապ ունեմ կալանավորման հետ: Ասում են Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո կալանավորվեց: Առաջ կալանավորվեր, պիտի ասեին՝ ընտրություններից առաջ կալանավորվեց: Հիմա հարցն այն է՝ մարդը կատարե՞լ է արարք, որը Քրեական օրենսգրքով պետք է հասցեագրվի: Կալանքը խափանման միջո՞ց է, թե՞ դատավճիռ: Այո, ոչ մեկի մեղքը ապացուցված չի, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ: Ես ի՞նչ մեկնաբանեմ ձեր ասածը: Կստացվի, թե ես մեկնաբանելու բան ունեմ»:

Լրագրողը հիշեցրեց, որ կան մարդիկ, որ վթարի են ենթարկում հղի կնոջ, ազատության մեջ են, Աշոտյանին կալանավորում են, տպավորություն է, որ քաղաքական մոտիվներով են կալանավորում՝ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ում ՔրՕր կա ու դատական համակարգ կա. «Ձեր նշած գործերի հետ կապված մեկնաբանություն չունեմ, բայց ուրիշ ունեմ: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատ քաղաքական շրջանակներ ինձ մեղադրում էին Շուշին հանձնելու հարցով: Ես ասում էի, որ Շուշիի հետ կապված դրվագը պետք է քննվի, երկար ժամանակ ասում էին՝ բա ի՞նչ եղավ, հետո քննչական մարմիններն ասում էին՝ քննվում է, եղավ կալանավորված անձ, հետո սկսեցին կալանավորված անձին պաշտպանող հայտարարություններ, որին իմ ռեակցիան հետեւյալն էր՝ հիմա Շուշիի անկման դրվագն ուզո՞ւմ ենք, որ քննվի, թե՞ չենք ուզում: Թե՞ Շուշիի անկման դրվագը ուզում ենք քննել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ ես եմ մեղադրյալը, եթե ես չեմ, արդեն էական չի, պետք չի քննարկել»:

Նա ասաց, որ մարդը, որը պետական համալսարանի գումարները ծախսելով՝ ենթադրենք իր համար սեփականություն է ձեռք բերել, բա ալան-թալանի մասին խոսում եք բա ո՞ւր է, ինչո՞ւ չքննվեց, հիմա ուզո՞ւմ ենք, որ քննվի, թե՞ չէ. «Հիմա մի քաղաքում ենթադրենք սեփականաշնորհվել են հանրությանը պատկանող տարածքներ, որոնք օրենքով սեփականաշնորհել չի կարելի, հանցանք է կատարվել, հիմա ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ չենք ուզում: Մեկ ուրիշ դրվագով, ըստ մեղադրանքի, բանակին մատակարարվել է ժամկետանց հրթիռներ, ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ չենք ուզում: Էդ որ ասում եք քաղբանտարկյալ, ի՞նչ նկատի ունեք»:

Լրագրողը հուշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց ձեւակերպել է՝ ինչ է քաղբանտարկյալ, Փաշինյանն արձագանքեց. «Վայ, շնորհակալություն, որ հիշեցրիք, ուրեմն բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ: Բա-ցառ-վում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31