Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք տպավորություն են ստեղծում, թե ես քնում-արթնանում, մտածում եմ, թե ո՞նց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ»․ Փաշինյան

Հուլիս 25,2023 16:19

Այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ իրավունքով են ինքն ու իր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը, այն դեպքում, երբ այլ թեզերով են եկել իշխանության։ Հարցին, թե ինչո՞ւ հանրաքվե չեն իրականացնում՝ պարզելու, թե արդյոք ժողովուրդը համաձայն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ի՞նչ վերաբերում է ժողովրդի հետ քննարկելուն, բա հիմա մենք ի՞նչ ենք անում։ Այստեղ այս ասուլիսները կազմակերպվում են, ուղիղ եթերում հեռարձակվում է, եւ այդ ժանրի կարեւոր նպատակներից մեկը ժողովրդի հետ քննարկում ունենալն է։ Հենց սա էլ է ժողովրդի հետ քննարկում։ Քննիչ հանձնաժողովում 6-7 ժամ ես պատասխանում եմ հարցերի, ինչ-որ փաստերի եւ փաստարկների մասին եմ խոսում, դա ինչի՞ մասին է, դա էլ է ժողովրդի հետ քննարկում։ Եվ ի վերջո, ես նաեւ ասացի, որ չենք կարծում, թե կարող ենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել։ Եվ այդ է պատճառը, որ մենք կարծում ենք, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրն ինքը՝ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի։ Հարցերից մեկն այն մասին էր, որ ես մանդատ ունեմ՝ որոշումներ կայացնելու Հայաստանի հանրապետության վերաբերյալ»։

Փաշինյանը հավելեց, որ հարցերի հայելային էֆեկտը պետք է անպայման հաշվի առնել ու նկատի ունենալ։ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համաձա՞յն է, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29․8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը։ Սրա մասին է խոսքը։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ, որ 29․8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչվի, թող ասի՝ ես համաձայն չեմ։ Այդ թվում՝ ընդդիմությունը, ոչ ընդդիմությունը, ոմանք այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ես առավոտից իրիկուն քնում-արթնանում եմ, մտածում եմ, թե ոնց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ։ Սա սխալ ընկալում է, որովհետեւ ես չեմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ես մտածում եմ, Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Եթե որեւէ մեկը գտնում է, որ սա չպիտի լինի իմ գործունեության նպատակը՝ որպես ՀՀ վարչապետ, ես դա հերքում եմ։ Դուք ասում եք՝ ի՞նչ իրավունք ունեք որոշելու ԼՂ ճակատագիրը, ես ասում եմ՝ ես ժողովրդի կողմից ինձ տրված մանդատով իրավունք ունեմ որոշել Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Եվ ՀՀ-ն է իմ գործունեության օբյեկտը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգություն առնչվո՞ւմ է այդ թեմային, իհարկե, առնչվում է։ Բայց գործունեության ֆոկուսը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ հավելեց․ «Քաղաքացին չգիտի՝ 29․8 հազար քկմ-ն ի՞նչ է, օրինակ, Կապան քաղաքը դրա մեջ մտնում է, թե՞ չի մտնում, Տավուշի մարզը մտնում է, թե՞ չի մտնում, Արծվաշենը դրա մեջ մտնում է, թե՞ չի մտնում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31