Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ցանկանում նման սցենար քննարկել»․ Փաշինյանի պատասխանը՝ «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին

Հուլիս 25,2023 15:39

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ գործողություններ կանի Հայաստանը, ռազմական միջամտություն կլինի՞։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում նման սցենար քննարկել։ «Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն կապահովի՞։ Ըստ նրա՝ միջազգային որոշակի երաշխիքների եւ ներգրավվածության ու աջակցության առկայությունը շատ կարեւոր է, որպեսզի առաջադրված նպատակներն ու խնդիրները լուծվեն։ «Հո մենք չենք պատրաստվում ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր»։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու։ Իսկ ինչքանո՞վ է դա ապահովելու խաղաղություն կամ ինչքա՞ն երկարաժամկետ է ապահովելու խաղաղություն։ Եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ 1 տարի, 2 տարի խաղաղություն լինի, դա էլ ճիշտ տարբերակ չէ։ Չնայած, մյուս կողմից էլ պետք է հետեւյալն արձանագրել, որ կարեւոր է ոչ միայն բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլեւ դրա իրականացումը եւ իրականացման մեխանիզմները։ Ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, տարընթերցումների հստակ մեխանիզմների գոյությունն է կարեւոր։ Այս դեպքում է, որ կապահովվի խաղաղություն։ Ի վերջո, մեր մտահոգությունն ի՞նչ է՝ նույնիսկ այդ դեպքում կարող է չապահովվել խաղաղություն, որովհետեւ եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ագրեսիվ հռետորաբանությամբ, անընդհատ ագրեսիա եւ ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ»։

Ըստ նրա՝ պետք է փորձել հասկանալ՝ իսկ ի՞նչ կարող ենք անել՝ այդ հարցերը լուծելու համար։ «Այն, որ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է, բայց որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31