Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ «Ի պաշտպանություն շրջափակված Արցախի» մեկօրյա շղթայական հացադուլը շարունակվում է:
Այսօր առավոտյան ակցիային միացել են նաեւ Յանա Ավանեսյանը եւ Գոհար Կարապետյանը:
Յանան Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես որոշել եմ միանալ խորհրդանշական, գուցե, ոչ այնքան արդյունավետ այս հացադուլին: Այս նախաձեռնությունը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ Հայաստանի եւ ընդհանրապես բոլոր հայ կանայք կանգնած են համապարփակ շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին, համերաշխ են նրանց հետ: Անգամ մեկ օրով այս հացադուլին միանալով՝ մենք կիսում ենք այս ցավը թեկուզ հացադուլի միջոցով»:
Իսկ Գոհարը նշեց, որ հացադուլին միանալը նվազագույնն է, ինչ ինքը կարող է անել: «Մենք անտարբեր չենք այս ամենին: Չգիտեմ, թե սա որքանով կօգնի, բայց այս ակցիային միանալը նաեւ մեզ է ուժ տալիս՝ զգալու, կիսելու այդ ցավը, հավաքվելու, չհանձնվելու եւ պայքարելու»: