Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները ձեր դատավճիռն են կարդալու». Լրագրողը՝ վարչապետին

Հուլիս 25,2023 15:24

Այսօր  հրավիրած ասուլիսում լրագրողներից մեկը մեջբերեց Դատավորների եվրոպական միության գնահատականը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Հայաստանը ժողովրդավարական բրենդ եք հռչակել, որը միֆ է, ինչո՞ւ եք խախտում իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ ճնշում բանեցնում դատարանների նկատմամբ՝ նկատի ունենալով կարգապահական վարույթները, ասում էիք՝ «վնգստացող դատավորներ», դատարանների դռները փակում, ասում էիք՝ չկա դատավոր, որ ձեր ասածը չանի, ընդդիմադիր Փաշինյանը ինչպե՞ս կորակեր սա՝ զանգովի արդարադատությո՞ւն, անպատժելիությո՞ւն, վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները ձեր դատավճիռն են կարդալու:

Փաշինյանը պատասխանեց. «Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու գիտակցություն: Եթե մի բան արել եմ, որ պետք է իմ սրտի կամ ոչ սրտի դատավորների կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա: Մենք դատական բարեփոխումների շատ դժվար ճանապարհ ենք անցնում եւ այդտեղ մեծ հաջողություններ չունենք… Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին: Ես հիմա էլ եմ բարձրաձայնում, որ մեր դատական համակարգում անկախության պրոբլեմ կա, ո՞վ չգիտի դրա մասին: Եվ այդ պրոբլեմը պետք է լուծել»:

Հարցին՝ հեռացնելո՞վ ոչ ցանկալի դատավորներին՝ նա հակադարձեց. «Հարգելիս, ես ոչ հեռացնողն եմ, ոչ չհեռացնողը․․․ Դատավորների աշխատավարձերն ենք բարձրացնում, որ դատավորները սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան»:

Ըստ Փաշինյանի, ՀՀ-ում դեռեւս կան դատավորներ, որոնք ոչ մի սահմանափակում չունեն, ինչ ասես, կարող են որոշեն, որը ո՛չ օրենսդրության, ո՛չ բարոյականության, ոչ մի բանի հետ կարող է կապ չունենալ. «Այդ մարդիկ չեն կարող լինել դատավոր: Բա 5 տարի է մարդիկ մեզ ասում են՝ վեթինգ էիք խոստացել, բա ի՞նչ եղավ վեթինգը»:

Փաշինյանը վստահեցրեց, որ դատարանների դռները ճիշտ է, փակել է, բայց ինչ արել է՝ դատարանի դռների առաջ է արել, ոչ թե դռների հետեւում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31