«Եկեք հասկանանք, որ մենք առանձին մոլորակում չենք ապրում: Մեզ թվում է, որ մենք ասում ենք՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, լուծի՛, իրենք բերելու են մեր երազանքների լուծումը եւ ասեն՝ ահա, հուլիսի 25-ի առիթով ձեզ ուզում ենք նվեր անենք: Չի՛ լինելու նման բան, որովհետեւ ՀՀ-ն ու ԼՂ-ն առանձին մոլորակ չեն, Ադրբեջանն էլ կա, գլոբալ շահեր կան, մեզ պետք է տեղավորվել մեր շահերով այդ տրամաբանության ու շահերի մեջ, ոչ թե հակադրվենք այդ շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հարցեր ունեին արցախցիներից, զոհվածների ծնողներից: Փաշինյանը նշեց. «Իսկ ո՞վ է ասում, որ անհատական կամ անձնական մակարդակով էդքան թուքումուր ուտելը ըտենց հեշտ ու հաճելի գործընթաց է, նույնիսկ եթե կաբինետում ես աշխատում, որը համարվում է թիվ մեկ աշխատասենյակ: Մինչեւ ձեր հարցերը ես զոհվածների ծնողների հետ չե՞մ շփվում, կամ չե՞մ շփվել, այդ հարցերը ինձ ուղիղ, առերես տալու հնարավորություն չե՞ն ունեցել: Ընդ որում, ե՛ւ քաղաքավարի, ե՛ւ կոպիտ, ե՛ւ էմոցիոնալ: Բայց ի վերջո մենք պետք է կենտրոնանանք պետության տրամաբանության վրա եւ հաշվի առնենք՝ ինչ է տեղի ունենում եւ ինչ է տեղի ունեցել մեր շուրջ: Ես քննիչ հանձնաժողովում փորձել եմ մաքսիմալ անկեղծ պատասխանել:
Այնտեղ մի շատ կարեւոր դրվագ եղավ, Դավիթ Սանասարյանը հարցրեց, ասեց՝ ձեզ մեղավոր զգո՞ւմ եք: Ասեցի՝ այո, բայց կոնկրետացնենք ինչո՞ւմ, որովհետեւ այն բանում, որում ինձ մեղադրում են ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի. մե՛կ մեղադրում են հողեր հանձնելու, մե՛կ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ ու մեկը մյուսին չեզոքացնում է: Դրա համար եմ ես մինչեւ հիմա ՀՀ վարչապետ, որովհետեւ այդ նույն սուբյեկտների կողմից մղվող մեղադրանքները մեկը մյուսին չեզոքացնում են: Հա՛մ ասում են՝ տվիր, հա՛մ ասում են՝ չտվիր: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվիր, մի մասն ասում է՝ դավաճա՛ն պիտի տայիր: Բարդ է այս թեման եւ պարզ լուծումների գնալու գայթակղությունը ուղիղ ճանապարհ է՝ դեպի պետականության անկում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ