Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարվա անկախ պետություն եք, մինչեւ ե՞րբ եք զանգելու, մինչեւ ե՞րբ ենք մենք էդ ժանրի մեջ ապրելու՝ նամակ ռուսաց թագավորին». Փաշինյանը՝ ՌԴ ուղերձի մասին

Հուլիս 25,2023 15:04

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսում լրագրողները հարցրեցին՝ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ-ն ԵՄ բանակցություններում Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս ու ԼՂ ճակատագրի հարցը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կապ ունի՞ խաղաղապահների գործունեության հետ:

Փաշինյանն ասաց, որ այդ հարցին պատրաստվել է, մեջբերումներ արեց փաստաթղթերից: Նա նախ հիշեցրեց 2020-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի ասուլիսում մի հատված, որտեղ Պուտինն ասել էր, որ այդ տարածքները Ադրբեջանինն են ու ԼՂ-ն էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան է. «Սա հայտարարել է ՌԴ նախագահը: Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկի՞ր է եղել, որը Ղարաբաղը չի ճանաչել՝ որպես Ադրբեջանի մաս: Չի եղել այդպիսի երկիր»:

Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հայտարարությունը մեջբերեց, որտեղ նա նշել է․ «ԼՂ-ն Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»:

Մեջբերեց 2012-2016թթ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում հիշատակված ձեւակերպումները. «Անջատողականները ՀՀ-ի աջակցությամբ շարունակել են վերահսկել ԼՂ մեծ մասը եւ 7 այլ ադրբեջանական տարածքները»:

Փաշինյանն ասաց՝ սա ես չեմ ստեղծել, սա եղել է. «Հիմա ի՞նչ է փոխվել, որ մենք մեզ շատ դաժան իրադրությունից հետո հարց ենք տվել՝ եթե միջազգային հանրության դիրքորոշումը դա է, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալիս: Մենք դրա պատասխանատվությունն ու հետեւանքները հասկացե՞լ ենք, թե՞ չենք հասկացել: Եղել է, որ հասկացել ենք, բայց չենք գիտակցել: Եղել է, որ ե՛ւ հասկացել ենք, ե՛ւ գիտակցել ենք, իմ մասին չեմ ասում, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, բայց գործոններ են եղել, որոնք մեզ կամ օգնել են չառերեսվել, կամ խանգարել են առերեսվել»:

Նա ասաց, որ ազնիվ չէ, որ անընդհատ ասենք Մոսկվա, տես ինչ ես անում, կամ Վաշինգտոն, տես ինչ ես անում, մե՞նք ինչ ենք անում: Փաշինյանը դիվանագիտական լեզվից թարգմանել է ռուսաստանյան ուղերձները. «30 տարվա անկախ պետություն եք, մինչեւ ե՞րբ եք զանգելու, նամակ ռուսաց թագավորին գրելու մինչեւ ե՞րբ ենք մենք էդ ժանրի մեջ ապրելու՝ նամակ ռուսաց թագավորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»․ Նկատենք, որ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը չի մեջբերում միջազգային հանրության այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ճանաչվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։ Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Շոլցը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր,  «ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը հավասարապես կարևոր է»։ Փաշինյանը չի մեջբերում նաեւ Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը՝ ընդունված 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31