Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը։ «Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է։ Եվ ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»,- հարցրել էր զոհված զինծառայողի ծնողը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Այդ հարցը՝ կապված տղաների ծառայության հետ, քննարկվել է նաեւ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Եվ պիտի արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ ես չեմ կայացրել»։
«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ասում են՝ Հայաստանն այս պետք է հայտարարի, այն պետք է հայտարարի։ Եվ երբեմն մեզ թվում է՝ երբ Հայաստանն ինչ-որ բան չի ստանում կամ չի ստացել, դա այն պատճառով է, որ ինքը չի հայտարարել, չի ցանկանում դա ունենալ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված խնդրին, նախ, Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ չէ, որ դա հայտարարվել ու արձանագրվել է։ Ես ցավով արձանագրել եմ եւ արձանագրում եմ, որ ըստ էության աշխարհում չկա եւ չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե չէ, եւ ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։ Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք։ Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, բայց ի վերջո իրականությունը եւ իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի եւ կոնկրետ ընտրության առջեւ։ Եվ մեր խնդիրն այն է, որ մենք փորձենք ամեն ինչ անել, որպեսզի հետագայում, ապագայում մեր հարգարժան զինվորի հարգարժան ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»,- հավելեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ֆորմատում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության նախագահի ներկայությամբ պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29․8 հազար քկմ եւ 86․6 հազար քկմ տարածքով։ Եթե հարցն այն է, թե ինչո՞ւ եմ ես համաձայնել նման պայմանավորվածության, ասուլիսի մեկնարկի պահից ես այդ հարցին եմ պատասխանում»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ․ Գ․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե աշխարհում չկա ու չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանն այսպես է գնահատել իր տելեգրամյան ալիքում․ «Հերթական սուտը, աշխարհում բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես հակամարտության գոտի: Անգամ Ալիևն է խոստովանել, որ նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո շատերը չէին ճանաչում դա Ադրբեջանի մաս: Հակառակը՝ պնդում էին, որ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի:
Այդ ամենը փոխվեց, երբ Փաշինյանը խոստացավ ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս՝ հրաժարվելով միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքից:
Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի: Մի օր հույս ունեմ կպարզվի, թե ՀՀ վարչապետը ինչ էր ստանում մեր պետական շահն ուրանալու դիմաց…»։