Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսում նրան հարց ուղղեցին երեւանյան փոսերի, տուգանքների, ճանապարհային նշանների մասին: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ, երբ քայլում է փողոցներում, բազմաթիվ ձայնային հաղորդագրություններ է ուղարկում պաշտոնյաներին խնդիրների մասին։
«Դեպի Ջերմուկ գնացող ճանապարհներին ցուցանակ չունենք»,- արձանագրեց Փաշինյանը`նշելով, որ մի կողմից տուրիստներին ուղղորդում են դեպի Ջերմուկ, բայց նույնիսկ ցուցանակ չկա:
Նա հիշեց իր խոսքը, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չի ու հիմա, երբ մարդիկ տուգանվում են, իրեն հարցնում են՝ «բա ո՞նց ա, որ տուգանքի մատերիալ ա»: Նա ասաց, որ հիմա իրավիճակն այլ է, երթեւեկության մեջ փոփոխություններ են արել, մտել է բալային համակարգ, առանց վարորդական իրավունքի վարելու դեպքում քրեական պատասխանատվության համակարգ, որպեսզի կարգուկանոն հաստատվի երթեւեկության ոլորտում: Բացի այդ, «տեսախցիկներ կառավարողը վերածվել է պետական ընկերության եւ մասնավոր հատվածը այդ գործառույթից եկամուտներ չի ստանում»:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը հայտարարում է աղետի գոտի, հարցին՝ Լաչինի միջանցքի հարցում ո՞րն է մեր խաղաքարտերը, որ պարտավորեցնենք ՌԴ-ին՝ կատարելու իր պարտավորությունները վարչապետը հորդորեց հարցերի դիտանկյունը փոխել. «Ես կարող եմ ասել, թե ինչ չեն անում այլ երկրները, միջազգային հանրությունը, ինչ պետք է անի: ԼՂ իշխանությունները կարող են ասել, թե ինչ պետք է անի ՀՀ-ն եւ այդպես շարունակ, բայց վերջին շրջանում անձնական շփումների մակարդակով, որովհետեւ ԼՂ նախագահի հետ ես ամենօրյա շփումների մեջ եմ… Ես կարող եմ ասել՝ ԵՄ-ն այս պիտի անի, ՀՀ-ն՝ այս, Ադրբեջանը՝ այս, մենք պետք է ձեւակերպենք նաեւ՝ իսկ ԼՂ-ն ի՞նչ պետք է անի: Շատ լավ, աղետի գոտի կարելի է հայտարարել, իսկ ճգնաժամը հաղթահարելու հարցում ԼՂ իշխանությունները արդյոք ունե՞ն որեւէ անելիք: Ես կարծում եմ, իշխանություն լինելով՝ ունեն անելիք: Իմ բացման խոսքը այն մասին է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, մեզ հայտնի մեխանիզմները չեն գործում, եթե դուք ներքին ու արտաքին փոխկապակցվածությունը տեսնեք… Հիմա մենք ինչում էլ մեղադրենք ՌԴ-ին, ինչի մեջ ում մեղադրել մի աշխարհում, որտեղ այն իրադրությունը, որ կա Ուկրաինայում, կա այդ իրադրությունը, ասենք, մենք չենք կարող մեզ կամ ԼՂ-ն դիտել այդ ընդհանուր կոնտեքստից դուրս: Այո, ինչ ասում ենք, ճիշտ ենք ասում, բայց այսօր ընթացող իրադրություններ կան աշխարհի տարբեր երկրներում: Սեփական խնդիրներ դնել մի շարք երկրների առաջ, որոնցից մենք ակնկալում ենք, որ այդ երկրները կլուծեն ինչ-որ խնդիր ԼՂ-ում, բայց այդ երկրները իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել: Իրենք ո՞ւմ մեղադրեն հիմա: Արեւմուտքը մեղադրում է Արեւելքին, Հյուսիսը՝ Հարավին, Հարավը՝ Հյուսիսին: Այդ մեր բանաձեւերով մենք ոչ մի հարց չենք լուծելու, առնվազն այդ բանաձեւերից անդին է պետք հարց լուծել»:
Կարդացեք նաև
Թե ինչ է ինքն անձամբ անում՝ նա ասաց. «Քննիչ հանձնաժողովում իմ ունեցած ելույթով ես ինչ-որ նյութ տվել եմ հանրությանը, որտեղ շատ բան ավելի պարզ կարող է լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ