Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր հրավիրել: Լրագրողները հարց ուղղեցին Արցախի իշխանությունների հետ տարաձայնություններից՝ վարչապետը պատասխանեց, որ Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձեւաչափով՝ միջազգային ներկայացուցիչների երաշխավորությամբ. «Այս ֆորմատով ոչ միայն կարող են հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել եւ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը»:
Հարցին՝ Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա բանակցություններում ի՞նչ է փոխվում՝ Փաշինյանը պատասխանեց, որ անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում, բանակցում են ՀՀ-ն ու Ադրբեջանը. «Բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր: Օրակարգը որեւէ ձեւով չի փոխվում, սկզբունքային հարցերը չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը չի փոխվում, շարունակում են մեկը մյուսին»:
Խոսելով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարվածության մասին, հարցին՝ թե կարո՞ղ է դա դրական ազդեցություն ունենալ մեզ համար՝ նա պատասխանեց, որ որեւէ լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ. «Լարվածություն ասածը չնայած չի կարող գերագնահատվել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ չնայած տարաձայնություններին, ՌԴ-ն ու Թուրքիան ակտիվ համագործակցում են»:
Թե ինչ ակնկալիք ունի մոսկովյան հանդիպումից՝ նա պատասխանեց. «Ես ակնկալիք ունեմ մեզանից՝ ՀՀ ԱԳ նախարարից, իհարկե, մյուս գործընկերներից, որ կարողանան խաղաղության պայմանագրից եւս մի քանի հոդված համաձայնեցնել եւ հասնել Լաչինի միջանցքի բացմանը»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկի մասին, որ 3 ամիս թույլ տա բանակցել ու բեկում մտցնել՝ նա պատասխանեց, որ ՀՀ բոլոր նախկին ԱԳ նախարարները նման հայտարարություններ անում են. «Իր պաշտոնավարման ընթացքում Վարդան Օսկանյանը կարող էր բեկում մտցնել ու բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»:
Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովում խոսել է Օսկանյանի ժամանակ վարած արտաքին քաղաքականության մասին եւ իր տեսակետները չի փոխել, իսկ հայտարարություններում որեւէ օգտակար բան չի տեսնում ու նոր բան չի լսել. «Վարդան Օսկանյանն ասում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, մինչեւ Օսկանյանի հայտարարությունը, ԵՄ նախագահի հայտարարություններում արձանագրվել է ԼՂ-ի՝ նախկին ինքնավար մարզի եզրույթը եւ վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել հրապարակային՝ մինչեւ Վարդան Օսկանյանի հայտարարությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ